ՌԴ իշխանությունները դեմ են Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացմանը
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի իշխանությունները կտրուկ դեմ են Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, գրում է «Ժամանակ» օրաթերթը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է պնդել այն միտքը, որ Ռուսաստանը ճանաչում է 2017թ. խորհրդարանական ընտրությունները և դրա արդյունքում ձևավորված խորհրդարանի լեգիտիմությունը: Ավելին՝ ռուսները հասկացրել են, որ նախօրեին տարածված գաղտնալսումն ընդամենը ծիծեռնակն է այն քայլերի, որ Ռուսաստանը կարող է անել, եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն հակադրվել: ՀՀԿ-ն և հատկապես Ռոբերտ Քոչարյանը ռուսական իշխանությունների այս որոշումը համարում են իրենց անձնական հաղթանակը:
Մյուս կողմից, ինչպես գրում է թերթը, ակնհայտ է, որ եթե այս ԱԺ-ն չլուծարվի և մինչև 2019թ. հունիս տեղի չունենան ընտրություններ, հեղափոխական իշխանությունների և հեղափոխական մյուս ձեռքբերումների տապալումը խորհրդարանում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի համար կլինի մի կում ջուր խմելու նման մի բան։–0–