Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

ԵՄ–ի և Մաքսային միության միջև համագործակցությունը հնարավոր և իրատեսական է. Հրիստեա

04.12.2013, 11:17
Եվրամիության և Մաքսային միության միջև համագործակցությունը հնարավոր և իրատեսական է, կարծում է ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան։
ԵՄ–ի և Մաքսային միության միջև համագործակցությունը հնարավոր և իրատեսական է. Հրիստեա
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրամիության և Մաքսային միության միջև համագործակցությունը հնարավոր և իրատեսական է, կարծում է ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան։

«ԵՄ–ն համագործակցել է Ռուսաստանի Դաշնության հետ «Գործընկերություն հանուն արդիականացման» նախագծի շրջանակներում, և վերջին բանը, որը մենք կցանկանայինք, ԵՄ–ի և ձևավորվող ՄՄ–ի միջև խոչընդոտների ստեղծումն է», – նախօրեին լրագրողներին ասել է Հրիստեան։

Նրա խոսքերով` ԵՄ ասոցացման մասին բոլոր համաձայնագրերի նպատակը Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ միասնական տնտեսական գոտու ստեղծումն է։

«Համոզված եմ, որ այդ ընդհանուր գոտին կստեղծվի ԱՀԿ–ի սկզբունքների հիման վրա։ Այսպիսով, ԵՄ–ՄՄ համագործակցությունը բավականին իրատեսական է, և իմ կարծիքով` շատ ցանկալի», – պարզաբանել է դեսպանը։

Հրիստեան ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի աջակցել Հայաստանին մարդու իրավունքների և կառավարման ոլորտներում բարեփոխումների անցկացման հարցում։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։

Նոյեմբերի 29–ին Վիլնյուսում Հայաստանն ու ԵՄ–ն հանդես եկան Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի նախաստորագրումից հրաժարվելու մասին պաշտոնական հայտարարությամբ` հաշվի առնելով Երևանի նոր միջազգային պարտավորությունները։–0–