Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

«ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» փոփոխված օրենքն ընդունվեց. ՏԿԱԻՆ-ը կվերաբաժանվի

19.02.2016, 17:05
«ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» փոփոխված օրենքն ընդունվեց. ՏԿԱԻՆ-ը կվերաբաժանվի
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի խորհրդարանն ուրբաթ արտահերթ նիստում  երկրորդ և վերջնական ընթերցմամբ 71 կողմ 17 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը, հայտնում է «Նովոստի-Արմենիան» :

Ինչպես նշեց Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, փոփոխությունները պայմանավորված են քաղաքական անհրաժեշտությամբ, որն առաջացել է քաղաքական համագործակցության արդյունքում։

«Քաղաքական պայմանավորվածությունների իրականացման համատեքստում առաջարկվում է վերաբաժանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը` ստեղծելով Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և Արտակարգ իրավիճակների նախարարություն», – ասաց Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ նախարարության վերաբաժանումը պետբյուջեից լուրջ, լրացուցիչ ծախսեր չի նախատեսի, քանի որ երկու նախարարություններին վերաբերող բոլոր ծախսերն իրականացվելու են բյուջեով նախատեսված միջոցների շրջանակում։ Փոփոխություններին կողմ են քվեարկել խորհրդարանի միայն երկու խմբակցությունները` ՀՀԿ–ն և ՀՅԴ–ն։

Ինչպես «Օրինաց երկիր» խմբակցության անունից նշեց Մհեր Շահգելդյանը, խմբակցությունը նպատակահարմար չի համարում  մասնակցել քննարկումներին` հաշվի առնելով նախարարությունների վերաբաժանման նկատմամբ նմանատիպ մոտեցումների անընդունելիությունը։

Նմանատիպ կարծիք է հայտնել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն` ընդգծելով, որ 2014 թ.–ին նախարարությունները միացվել էին համակարգի օպտիմալացման, գործունեության արդյունավետության ավելացման և ծախսերի կրճատման նպատակով, սակայն հիմա դրանք կրկին վերաբաժանվում են։

«ԲՀԿ–ն կտրականապես դեմ է մասնակցությանը քաղաքական առուվաճառքներին, մեզ համար անընդունելի է նման հիմնավորումը, այսպես բարձր պրոֆեսիոնալիզմով բացատրել անբացատրելին կարող էր միայն այնպիսի բարձր պրոֆեսիոնալը, ինչպիսինն է Արփինե Հովհաննիսյանը», – ասաց Զոհրաբյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ անընդունելի է համարում «հետ պտտել պատմության անիվը»։ «Դա արվում է ոչ թե այն պատճառով, որ այդ համակարգը չի արդարացրել իրեն, այլ այն պատճառով, որ արդյունավետ կառավարումը զոհաբերվում է երկու ուժերի քաղաքական շահերին, քաղաքական պայմանավորվածություններին», – ասաց Զուրաբյանն` ընդգծելով, որ այս պահին քաղաքական կոալիցիայի ստեղծման անհրաժեշտության չկա։  

Երկու գերատեսչությունները միավորվել էին մեկ կառուցվածքում 2014 թ.–ի վերջին։ Այն գլխավորել էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

Նախարարությունների վերաբաժանումը, որոնք միավորվել էին 2014 թ.–ի նոյեմբերին կառավարության կառուցվածքի օպտիմալացման նպատակով, պայմանավորված է ՀՀԿ–ի և ՀՅԴ–ի միջև քաղաքական համագործակցության մասին պայմանավորվածությամբ, ինչի համաձայն` ՀՅԴ–ն կստանա երեք նախարարական պորտֆել և երկու մարզպետի պաշտոն։–0–