Рейтинг@Mail.ru
USD
361.81
EUR
405.3
RUB
4.2671
GEL
139.08
2026 թ. հոկտեմբերի 6, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Զոհրաբ Մնացականյանը` Արցախի մասին. հնարավոր չէ միաժամանակ կրակել և բանակցություններ վարել

27.06.2019, 16:43
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը:
Զոհրաբ Մնացականյանը` Արցախի մասին. հնարավոր չէ միաժամանակ կրակել և բանակցություններ վարել

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Մալթայի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը:

Ավելի վաղ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը նշել է, որ իրավիճակն առաջնագծում չպետք է խոչընդոտ դառնա քաղաքական կարգավորման շուրջ առարկայական բանակցությունների համար: Նա հայտարարել է նաև հայկական զորքերի դուրս բերման և խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության մասին:

Մնացականյանը հայտարարեց, որ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը իսկապես քննարվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում` առաջնագծում լարվածությունը նվազեցնելու քայլերը:

«Հանդիպումն անցկացվել է այն պայմաններում, երբ լարվածության որոշակի աճ էր նկատվում, և, բնական է, դա չէր կարող ազդեցություն չոնենալ հանդիպման վրա: Մեր բանակցությունների մեծ մասը մենք նվիրել ենք այս իրականությանը և քննարկել ենք այն բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են լարվածությունը նվազեցնելու, խուսափելու համար այնպիսի զարգացումներից, որոնք կավելացնեն լարվածությունը», - ասաց Մնացականյանը:

Նախարարը նշեց, որ կան մի քանի նախաձեռնություններ, որոնք առաջ են քաշվել նաև համանախագահների կողմից:

«Կարծում եմ, որ այս տեսանկյունից մենք կկարողանանք հասնել այնպիսի վիճակի, որպեսզի մինչև հաջորդ հանդիպում ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որը կնպաստի խաղաղ բանակցություններին», - ասաց նա:

Ըստ Մնացականյանի, պետք է շարունակել էսկալացիայի վտանգը նվազեցնելու աշխատանքները:

«Զոհեր ունենալու պայմաններում խախտվում է հրադադարի ռեժիմը, նշվում է այնպիսի գործիքների կարևորությունը, ինչպիսիք են, օրինակ, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննությունը: Մենք չենք հավատում խաղաղ բանակցությունների արդյունավետ առաջընթացին, երբ իրավիճակը լարվում է: Մենք չենք հավատում, որ մի կողմից կարելի է բանակցություններ վարել, մյուս կողմից` կրակել», - ասաց նախարարը:-0-