Рейтинг@Mail.ru
USD
390.9
EUR
444.61
RUB
4.7857
GEL
142.3
2025 թ. ապրիլի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+18

ԱԳՆ․ Հայաստանը կարող է քննարկել եվրադիտորդների նոր մանդատը Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում

24.03.2025, 16:04
Փոխնախարարը նաև նշել է, որ մանդատում կա նաև կետ, որը ենթադրում է Երևանի և Բաքվի միջև վստահության հաստատման միջոցառումների իրականացում
ԱԳՆ․ Հայաստանը կարող է քննարկել եվրադիտորդների նոր մանդատը Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանն ապագայում կարող է ԵՄ–ի հետ քննարկել նոր մանդատը եվրադիտորդների գործունեության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում, հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«ԵՄ դիտորդների մանդատը երկարաձգվել է երկու տարով։ Ապագայում, եթե գրանցվի առաջընթաց, եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, վավերացվի և լինեն իրական, կայուն խաղաղության նշաններ, մենք, իհարկե, կարող ենք քննարկել նոր մանդատ ԵՄ դիտորդների համար։ Պարտադիր չէ սահմանափակվել միայն սահմանի գծով», – նշել է Հովհաննիսյանը երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ։

Փոխնախարարը նաև նշել է, որ մանդատում կա նաև կետ, որը ենթադրում է Երևանի և Բաքվի միջև վստահության հաստատման միջոցառումների իրականացում։

«Ապագայում դրական սցենարի դեպքում մենք կկարողանանք գտնել ճիշտ մոդել դիտորդների հետ աշխատանքը շարունակելու համար», – ասել է Հովհաննիսյանը։

ՀՀ–ում ԵՄ առաքելության մասին

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը (EUMA) մեկնարկել է 2023 թվականի փետրվարի 20-ին Անվտանգության և պաշտպանության համընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակում՝ երկամյա մանդատով։ 2025 թվականի հունվարի 30-ին առաքելության մանդատը երկարաձգվել է ևս երկու տարով։

EUMA-ն պարեկություն է իրականացնում Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի 6 օպերատիվ բազաներից։ Առաքելության նպատակն է կայունացնել իրավիճակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, ամրապնդել հակամարտությունից տուժած շրջաններում մարդկանց վստահությունն ու անվտանգությունը և ԵՄ աջակցությամբ ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող պայմաններ։