Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ՀՀ ԱԺ-ն հերթական անգամ մերժեց «Ժառանգության» ներկայացրած` ԼՂՀ-ի անկախության ճանաչման վերաբերյալ օրինագիծը

12.11.2014, 13:27
ՀՀ խորհրդարանը չորեքշաբթի նիստի ընթացքում մերժել է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության՝ արտահերթ կարգով ներկայացված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմքերի հայեցակարգերի մասին» օրինագիծը, որը ԼՂՀ-ի անկախության ճանաչում է նախատեսում:
ՀՀ ԱԺ-ն հերթական անգամ մերժեց «Ժառանգության» ներկայացրած` ԼՂՀ-ի անկախության ճանաչման վերաբերյալ օրինագիծը
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ խորհրդարանը չորեքշաբթի նիստի ընթացքում մերժել է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության՝ արտահերթ կարգով ներկայացված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմքերի հայեցակարգերի մասին» օրինագիծը, որը ԼՂՀ-ի անկախության ճանաչում է նախատեսում:

Ինչպես մինչև քվեարկություն հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, ՀՀԿ-ն կարծում է, որ օրինագիծը ժամանակին չէ, այդ պատճառով ՀՀԿ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:

Այսպիսով՝ օրինագծին կողմ քվեարկեց ութ պատգամավոր, մեկը ձեռնպահ մնաց: Մյուս պատգամավորները չքվեարկեցին:

ՀՀ ԱԺ-ն սեպտեմբերին ձայների մեծամասնությամբ մեկ տարով հետաձգել էր «Ժառանգություն» խմբակցության «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմքերի հայեցակարգերի մասին» օրինագծի քննարկումը, որը Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչում է նախատեսում: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն աննպատակահարմար համարեց օրինագծի ներառումը խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում:

Սակայն «Ժառանգություն» խմբակցությունն այդ հարցն անհետաձգելի հայտարարեց, և խորհրդարանը սկսեց դրա քննարկումն արտահերթ կարգով:

Ինչպես նախօրեին օրինագծի ներկայացման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, վաղուց եկել է Լեռնային Ղարաբաղը ճանաչելու ժամանակը:

«Եթե Երևանը Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման նպատակ է դնում, ապա Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, պարտավոր է անել դա՝ ելնելով ԼՂՀ-ի անվտանգության շահերից», - ընդգծել է պատգամավորը:

«Ժառանգությունը» առաջին տարին չէ, որ ներկայացնում է այս օրինագիծը և մշտապես բախվում է այս նախաձեռնության բացասական ընկալման հետ խորհրդարանական մեծամասնության կողմից: Ավելի վաղ ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելու պահանջը սադրանք է և քաղաքական քմահաճույք:

Նախագծին դեմ են արտահայտվել նաև խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ներկայացնելով «Ժառանգության» պատգամավորների նախաձեռնության մասին ՀԱԿ-ի կարծիքը, հայտարարել է, որ Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումն այսօր վաղաժամ կլիներ:

«Նման քայլը կնշանակեր, որ Հայաստանը միակողմանի կերպով դուրս է գալիս բանակցություններից, ինչը բանակցությունների ամբողջական ձախողման գործոն կդառնա: Դա կհանգեցնի Հայաստանի մեկուսացման և կավելացնի ռազմական գործողությունների վերսկսման վտանգը», - ընդգծել է Զուրաբյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-