ԵԱՏՄ շրջանակում քննարկվում է COVID-19-ի թեստերի փոխադարձ ճանաչման հարցը. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. COVID-19-ի թեստերի փոխադարձ ճանաչման հարցը քննարկվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Այս մասին սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:
Փոխվարչապետի խոսքերով` այժմ ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումներ չկան, բացառությամբ Բելառուսից Ռուսաստան ցամաքային երթուղու:
«ԵԱՏՄ անդամ երկրները քննարկում են առկա իրավիճակը: Իհարկե, առողջապահության ոլորտը Միության իրավասությունների շրջանակներից դուրս է, բայց կարելի է քննարկել հինգ երկրների միջև ուղևորափոխադրումների միասնական կանոններ: Հիմա մենք քննարկում ենք այդ խնդիրները և հոկտեմբերի 8-9-ը վերջնական որոշում կկայացնենք»,- հայտնել է Գրիգորյանը:
Փոխվարչապետն ընդգծել է, որ այդ նպատակով քննարկվում է կորոնավիրուսի թեստերի փոխադարձ ճանաչման հնարավորությունը, որը ԵԱՏՄ անդամ մի երկրի ուղևորները կարող են հանձնել մինչ մեկ այլ երկիր ժամանելը:
«Այս թեսթերի ընդհանուր հաշվառման համար արդեն աշխատանքներ են տարվում միասնական թվային համակարգի վրա: Այսինքն՝ սկզբունքորեն գաղափարը, պարզվել է, ընդունելի է: Հուսով ենք, որ մոտ ապագայում ինչ-որ ձևաչափով համակարգը արդեն կգործի», - նշել է Գրիգորյանը:-0-