Սահմանին սպառնալից կուտակումների պարագայում Երևանն իրեն է վերապահում կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը. նախագահ
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. Սահմանին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում հայկական կողմն իրեն է վերապահում կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը, երկուշաբթի ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ:
«Մենք պատերազմ հրահրելու որևէ պատճառ չունենք: Մենք ինքներս միջադեպեր չենք հրահրում: Դուք դրա մասին շատ լավ գիտեք: Եվ մենք երբեք նախահարձակ չենք լինում: Դա մեզ պետք չի բնավ: Սակայն մեր հանդեպ ձեռնարկված ցանկացած միջադեպի հետևել և հետևելու է հատուցման գործողություն»– ընդգծել է երկրի ղեկավարը։
Ըստ նրա, մինչև վերջերս ձեռնարկած պատասխան գործողությունները եղել են սիմետրիկ իրենց ձևով և ասիմետրիկ՝ ավելի մեծ կորուստներ հասցնելու առումով:
«Այսուհետ կարող են տեղի ունենալ նաև ձևով ասիմետրիկ հատուցման գործողություններ: Տաք գլուխները բազմաթիվ անակնկալների պիտի սպասեն: Ավելին, մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում, մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը», – ասել է ՀՀ նախագահը։
«Թո՛ղ ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն: Մեզ համար արհավիրք պատրաստողի հանդեպ մենք պարտավոր ենք լինել անողոք: Կրկնում եմ՝ դիմացինի արկածախնդրությունը կստիպի մեզ գնալ անդառնալի վնասների հասցման ճանապարհով»,– ընդգծել է նախագահը։
Նա հիշեցրել է, որ տարվա սկիզբը լարված էր։ «Մենք ականատեսն ենք հակառակորդի բազմաթիվ նախահարձակ գործողությունների։ Ունեցանք ցավալի կորուստներ, որոնց համար սգում ենք՝ ընկած բոլոր տղերքի ընտանիքների և հարազատների հետ միասին: Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ տղերքից յուրաքանչյուրի կյանքի համար ադրբեջանցիները թանկ են վճարելու. նրանք թանկ են վճարել, այսօր թանկ են վճարում և ապագայում այդպես էլ լինելու է», – ասել է ՀՀ նախագահը։
Նրա խոսքով` հակառակորդի նախահարձակ գործողությունների նպատակը ակնհայտ է: «Ադրբեջանի իշխանությունը չի թաքցնում, որ քաղաքական ու ռազմական միջոցների համադրմամբ ձգտում է մշտական լարվածություն ստեղծել մեր շուրջ», – նշել է նախագահը։
«Դա պարզ շանտաժի քաղաքականություն է, որի հիմնական հասցեատերը ոչ այնքան մենք ենք, որքան միջազգային հանրությունը», – ասել է Սարգսյանը։
Նա նշել է, որ «ամեն ինչ միայն ինձ» անհեթեթ գործելաոճով կատարյալ ձախողման հասնելով բանակցային գործընթացում` պաշտոնական Բաքուն փորձում է բոլորին ցույց տալ, թե ինչեր կարող է անել, եթե չբավարարվեն իր բոլոր քմահաճույքները, առանց հասկանալու, առանց լրջորեն վերլուծելու, թե ինչպիսի սարսափելի հետևանքներ կարող է ունենալ այդ ամենը հենց իր համար:
«Ավելին, ամեն անգամ, երբ Հայաստանի ներսում որևէ խնդիր է առաջանում կամ ցավալի իրադարձություն է տեղի ունենում, Ադրբեջանին թվում է, թե եկել է իր աստեղային ժամը, և նա անմիջապես իրեն ցույց է տալիս առաջին գծում: Իզուր: Շատ իզուր: Մենք քսանհինգ տարի առաջ՝ ավելի բարդ ու դժվար պայմաններում, իրենց ավել-պակաս ելույթներն ու ախորժակը տեսել ենք»,– ընդգծել է նախարարը։
Նրա խոսքով, դահլիճում հավաքվածների մեծ մասը հիշում են, թե ինչպիսի հոխորտանքներ էր հղում ադրբեջանական կողմը 90-ական թվականների սկզբներին, թե ինչպես էին սպառնում Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ ծածանել, նրանցից մեկն այնքան էր իրեն կորցրել, որ խոսում էր Սևանում իր ոտքերը լվանալու մասին, իսկ Շուշիից հետո ամեն շաբաթ կրկնում էին, որ կարճ ժամանակում Շուշիում թեյ են խմելու: Մենք այդ ամենը տեսել ենք: Չենք հոխորտացել, բայց մարտի դաշտում մեր գերակայությունն ենք նրանց պարտադրել: Այսօր մենք շատ ավելի պինդ ենք: Այնքան պինդ ենք, որքան երբևէ չենք եղել»,– ընդգծել է պետության ղեկավարը։
Ըստ նրա, Երևանում հասկանում են, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են անխնա կերպով մահվան բերան ուղարկել իրենց հարյուրավոր և հազարավոր քաղաքացիների՝ միայն թե իրենց աթոռները լինեն պաշտպանված: «Բայց մենք չենք կարող հանդուրժել, որ դա կատարվի մեր քաղաքացիների կյանքերի ու մեր զինվորների կյանքերի գնով: Դա չի կարող արվել մեր հաշվին:
«Մենք մնում ենք այն համոզման, որ ճիշտը պայմանավորվելն է, որ ճիշտը բանակցությունները շարունակելն է, և հայտնի սկզբունքների ներքո պայմանավորվածություններ ձեռք բերելն է, իսկ դա հնարավոր է միայն զինադադարի պահպանման և վստահության կամուրջներ կառուցելու պարագայում: Կամուրջներ այրելով ոչ ոք լավ բանի չի հասել և չի հասնելու»,– ասել է նախագահը։
«Ես մեկ անգամ ևս ի լուր բոլորի հայտարարում եմ. մենք պատրաստ ենք և՛ լավին, և՛ վատին: Իմ սեղանին առկա են հնարավոր բոլոր տարբերակները: Սթափ գործընկերոջ հետ կարող ենք և պարտավոր ենք խաղաղություն բանակցել: Ոչ սթափ հակառակորդին պարտավոր ենք և, անպայման, խաղաղություն ենք պարտադրելու»,– ասել է Սարգսյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:17 26.01.2015