Ղարաբաղում հակամարտության կողմերը չեն պահպանում կրակի դադարեցման ռեժիմի և հումանիտար դադարի պայմանները․ Կրեմլ
22.10.2020,
16:17
Ղարաբաղում հակամարտության կողմերը չեն պահպանում կրակի դադարեցման ռեժիմի և հումանիտար դադարի պայմանները․ Կրեմլ

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերը չեն իրականացնում կրակի դադարեցման ռեժիմի և հումանիտար դադարի մասին համաձայնագրի պայմանները: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մինչ այժմ չի կարելի հայտարարել, որ կրակի դադարեցման և հումանիտար դադարի մասին նախապես ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվում են: Ցավոք, կողմերը դրանք չեն պահպանում», - ասել է նա:
Միաժամանակ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին» , Պեսկովն ասել է, որ Մոսկվան անում է հնարավոր ամեն բան, որպեսզի Լեռնային Ղարաբաղում իրավիճակը բերի քաղաքական-դիվանագիտական հունին՝ նշելով, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
«Ռուսաստանն արել է և անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի առկա իրավիճակը բերվի քաղաքական-դիվանագիտական կարգավորման հունին: Մենք դեռ համոզված ենք, որ այս խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի», - լրագրողներին ասել է Պեսկովը:
Նա շեշտել է, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել գործադրել բոլոր ջանքերը այս հակամարտության խաղաղ կարգավորման համար:-0-