Рейтинг@Mail.ru
USD
363.85
EUR
422.87
RUB
4.2067
GEL
139.19
2026 թ. սեպտեմբերի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+26

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար պետք է փոխզիջման գնան բոլոր կողմերը. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ

12.09.2013, 12:16
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը պահանջում է, որ փոխզիջման գնան բոլոր կողմերը և տարածաշրջանի ժողովուրդները հասկանան խաղաղության անհրաժեշտությունը, կարծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար պետք է փոխզիջման գնան բոլոր կողմերը. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը պահանջում է, որ փոխզիջման գնան բոլոր կողմերը և տարածաշրջանի ժողովուրդները հասկանան խաղաղության անհրաժեշտությունը, կարծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Կարգավորումը հնարավոր չէ, եթե կողմերի առաջնորդներ քաղաքական կամք չդրսևորեն, եթե բոլոր կողմերը փոխզիջման չգնան, եթե ժողովուրդները չհասկանան, որ կարգավորումը բխում է ապագա սերունդների շահերից»,– հայտարարեց համանախագահը հինգշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ։

Նա հիշեցրեց, որ շուրջ 20 տարի է անցել  Ղարաբաղում հրադադար հաստատելու օրից. «տարածաշրջանի ժողովուրդները թանկ են վճարել և արժանի են երկարատև որոշման, որը խաղաղություն ու բարեկեցություն կբերի»։

Համանախագահը նկատեց նաև, որ հակամարտության լուծումը հեշտ խնդիր չէ, ինչի վկայությունն են երկարամյա բանակցությունները, սակայն ԱՄՆ–ն պատրաստ է մյուս համանախագահ–երկրների հետ շարունակել կարգավորման խաղաղ լուծման որոնումը։

«Որպես ամերիկացի համանախագահ` կարող եմ վստահեցնել, որ ԱՄՆ–ն պատրաստ է աշխատել Ռուսաստանի, Ֆրանսիայի ու միջազգային հանրության հետ հակամարտության խաղաղ կարգավորման համար»,– ասաց նա։

Ուորլիքը ավելացրեց, որ հակամարտության կարգավորման կողմնորոշիչ գործոններ են մնում Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների հավասար իրավունքներ ու ինքնորոշում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
 
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչև այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-