Рейтинг@Mail.ru
USD
364.18
EUR
420.08
RUB
4.3052
GEL
139.8
2026 թ. սեպտեմբերի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

ՀԱԿ–ը մեծ հույսեր է կապում Երևանի Ավագանու ընտրությունների հետ

05.05.2013, 15:08
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր կուսակցության ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը Երևանի Ավագանու ընտրություններին քվեարկեց 8/17 ընտրատեղամասում` հայտնելով, որ ՀԱԿ–ը մեծ հույսեր է կապում այս ընտրությունների հետ։
ՀԱԿ–ը մեծ հույսեր է կապում Երևանի Ավագանու ընտրությունների հետ
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր կուսակցության ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը Երևանի Ավագանու ընտրություններին քվեարկեց 8/17 ընտրատեղամասում` հայտնելով, որ ՀԱԿ–ը մեծ հույսեր է կապում այս ընտրությունների հետ։

Երևանի Ավագանու ընտրություններն անցկացվում են մայիսի 5–ին։ Քվեարկությունը կտևի մինչև ժամը 20.00–ը։ Ընտրացուցակներում ներառված է 816475 մարդ։

«Համոզված եմ, որ Երևանը դառնալու է իմ և բոլորիս երազած ամենագեղեցիկ քաղաքը, և մենք չենք էլ մտածելու Երևանից հեռանալու մասին: Գեղեցիկ` ամեն ինչով»,- լրագրողներին ասաց  Խաչատրյանը

Միաժամանակ նա նշեց, որ «գեղեցիկ» բառի տակ մայրաքաղաքի միայն արտաքին տեսքը նկատի չունի, այլ նաև բազմաթիվ այլ շեշտադրումներ։
Խաչատրյանն ասաց նաև, որ ՀԱԿ–ն ընտրություններին մասնակցում է «Իշխանությունը՝ քաղաքացուն» կարգախոսով։

«Եթե մեզ ընտրեն, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի կյանքի կոչենք այդ կարգախոսը»,– ընդգծեց նա։

Ընտրություններին մասնակցելու համար գրանցված են «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր», Հայաստանի հանրապետական կուսակցության, Դաշնակցության, ինչպես նաև «Բարև, Երևան» կուսակցական դաշինքի ցուցակները։

Հայաստանի հանրապետական կուսակցության (195 թեկնածու) գլխավորում է մայրաքաղաքի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Իշխող կոալիցիայում ՀՀԿ–ի կրտսեր գործընկեր «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակը (105 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը։ ԲՀԿ–ի ցուցակը (194 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը։ Ընդդիմադիր ՀԱԿ–ի ցուցակը (42 թեկնածու)` Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ընդդիմադիր ՀՅԴ (65 մարդ)` կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Բարև, Երևան» ընդդիմադիր դաշինքինը (64 թեկնածու)` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ «Առաքելություն» կուսակցության ցուցակը (29 թեկնածու) գլխավորում է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը։

Ավագանու խորհուրդը բաղկացած է 65 անդամից, ովքեր ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով։ Եթե կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը հավաքում է ձայների ավելի քան 50 տոկոսը, կուսակցական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին ընտրելու է Ավագանու ընտրված խորհուրդը։ Քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունքը պատկանում է Ավագանու խորհրդի մեջ մտնող խմբակցություններին։ Քաղաքապետն ընտրվում է Խորհրդի անդամների քվեարկությամբ։

Կուսակցությունների համար ընտրական պատնեշը սահմանվել է 6 տոկոս, կուսակցական դաշինքների համար`8 տոկոս մակարդակում։ –0–