Рейтинг@Mail.ru
USD
361.73
EUR
404.67
RUB
4.3226
GEL
139.34
2026 թ. հոկտեմբերի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

Հայաստանի ԱԳ փոխնախարարը Բաքվին մեղադրել է ռասիզմի և պատմությունը խեղաթյուրելու մեջ

21.11.2012, 19:41
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մենկաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, պաշտոնական Բաքվին մեղադրել է ռասիզմի և պատմությունը խեղաթյուրելու մեջ։
Հայաստանի ԱԳ փոխնախարարը Բաքվին մեղադրել է ռասիզմի և պատմությունը խեղաթյուրելու մեջ
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մենկաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, պաշտոնական Բաքվին մեղադրել է ռասիզմի և պատմությունը խեղաթյուրելու մեջ։

Ադրբեջանի ղեկավարը «Յենի Ազերբայջան» կուսակցության քսանամյակին նվիրված արարողության ժամանակ հայտարարել էր, որ «Հայաստանը հանդիսանում է արտերկրից ղեկավարվող մի տարածք` արհեստականորեն ձևավորված ադրբեջանական հողերի վրա», և որ «հայկական լոբբին հանդիսանում է մեր հիմնական թշնամին»:

«Նման ռասիստական գաղափարախոսությամբ, պատմության նման անսանձ այլասեռմամբ  և հարևան երկրների հանդեպ ծիծաղաշարժ տարածքային նկրտումներով Ադրբեջանը կարող էր հնարավորություն ունենալ պահպանելու իր գոյությունը վաղ միջնադարում միայն»,- Քոչարյանի խոսքը մեջբերեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հայաստանի փոխարտգործնախարարը հիշեցրեց, որ ինքն Ադրբեջանն առաջին անգամ աշխարհի քաղաքական քարտեզի վրա է հայտնվել 1918 թվականին միայն:

«Բաքվում այդպես էլ չհասցրեցին հասկանալ, որ ժամանակակից պետության ուժը հիմնված է սեփական ժողովրդի հանդեպ սիրո վրա և ոչ թե տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և նրանց պատմական-մշակութային ժառանգության հանդեպ պաթոլոգիկ ատելության վրա»,- ասել է Քոչարյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-