Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

ՀՀ ԱԳՆ–ն աշխատանքներ է տանում, որոնք ուղղված են ԵՄ–ի հետ ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական բաղկացուցչի ստորագրմանը. փորձագետ

27.02.2015, 22:00
ՀՀ արտգործնախարարությունը ԵՄ–ի հետ ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական բաղկացուցչի ստորագրմանն ուղղված աշխատանքներ է իրականացնում, կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ արտգործնախարարությունը ԵՄ–ի հետ ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական բաղկացուցչի ստորագրմանն ուղղված աշխատանքներ է իրականացնում, կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը։

«Սպուտնիկ-Արմենիա» ռադիոկայանի եթերում փորձագետը նշեց, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին որևէ կերպ չի անդրադարձել Եվրամիության հետ հարաբերությունների վրա, հակառակը` ՀՀ ԱԳՆ–ն այս պահին ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման աշխատանքներ է տանում»։

«Դեռ միայն քաղաքական մասով, սակայն քաղաքական մեխանիզմների և արժեքների համակարգի ներդրման տեսանկյունից սա շատ կարևոր է երկու կողմի համար, և կարծում եմ, որ գործընթացը բավականին հաջողությամբ է զարգանում»,– ասաց Մելիք–Շահնազարյանը։

Միաժամանակ նա նշեց, որ ինչպես ԵՏՄ–ն, այնպես էլ ԵՄ–ն քաղաքական և տնտեսական շահեր ունեն Հարավային Կովկասում և այս համատեքստում պատրաստ են համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, ընդ որում` այդ համագործակցությունը հաճախ նրանք պատրաստ են բարձրացնել բավականին բարձր մակարդակի։

Մելիք–Շահնազարյանի խոսքով` տնտեսական առումով ԵՄ–ի համար հետաքրքրություն են ներկայացնում Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները, իսկ հաշվի առնելով Հայաստանի տարանցիկ հնարավորությունները` դրանք մեծ ներուժ են բացում համագործակցության համար։

«Առանց տարածաշրջանի կայունության և տարանցիկ հնարավորությունների` ադրբեջանական նավթային ռեսուրսները հետաքրքրություն չեն ներկայացնում, քանի որ փնտրվում են հնարավոր տարանցիկ ճանապարհներ, որոնք կշրջանցեն Ռուսաստանը, ինչը ԵՄ–ի համար ավելի կարևոր է, քան հենց նավթային և գազային ռեսուրսները։ Սակայն Ղազախստանի և Թուրքմենստանի ռեսուրսները միացնելու դեպքում, գումարած Հայաստանի տարանցիկ հնարավորությունը, տարածարջանի հնարավորություններ զգալի մեծանում են»,– ասաց Մելիք–Շահնազարյանը։

Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը Հարավային Կովկասի անվտանգության և կայունության գլխավոր երաշխավորն է, առանց որի բոլոր տնտեսական նախագծերը, հատկապես` էներգետիկ բնույթի, կմնային թղթի վրա։

Նա նաև նշեց, որ Հայաստանը տարածաշրջանում այլ պետությունների ակտիվությունը զսպելու լուրջ ներուժ ունի։

Փորձագետը կարծում է, որ ԵՏՄ համատեքստում Հայաստանի դերը զգալիորեն մեծանում է, քանի որ Երևանը հենասյուն է հարավային ուղղությամբ և թույլ է տալիս Ռուսաստանին ավելի մեծ հավակնություններ ունենալ Իրանի, Թուրքիայի և Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերություններում։

Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` 2013 թվականի սեպտեմբերի 3-ին կայացած բանակցություններից հետո հայտարարվեց, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը և կմիանա Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Ավելի վաղ ծրագրվում էր, որ Հայաստանը կվավերացնի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, ինչը տեղի չունեցավ։

2014 թվականի մայիսի 12-ից 13-ը Երևան կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը առաջարկեց մտածել, թե ինչպես համատեղել ԵՄ–ի հետ ասոցացումն ու Մաքսային և Եվրասիական տնտեսական միությունների անդամակցությունը։ Նա նշեց, որ պետք է Հայաստանին թույլ տալ կազմակերպել Եվրոպայի հետ ասոցացումը, որպեսզի այն չխանգարի ՄՄ և ԵՏՄ ինտեգրմանը։

Հայաստանը 2015 թվականի հունվարի 2-ից Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է։-0-