ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./ԱՌԿԱ/. Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորհել է Ս. Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման գործընթացը»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և խաղաղապահ ուժերի ներուժի բարձրացմանը, կազմակերպության զինված ուժերի ներկայացուցիչների համակարգի կատարելագործմանը, համատեղ իրականացվող մարտական պատրաստության միջոցառումներին, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների իրականացմանն առնչվող հարցերին:-0-