Рейтинг@Mail.ru
USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

ՀՀԿ-ն կողմնորոշվել է երկրի չորրորդ նախագահի պաշտոնի թեկնածուի հարցում

18.01.2018, 23:18
Հայաստանի հանրապետական կուսակցությունը կողմնորոշվել է երկրի չորրորդ նախագահի պաշտոնի թեկնածուի հարցում, ասաց Հայաստանի ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ-ն կողմնորոշվել է երկրի չորրորդ նախագահի պաշտոնի թեկնածուի հարցում

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրապետական կուսակցությունը կողմնորոշվել է երկրի չորրորդ նախագահի պաշտոնի թեկնածուի հարցում, ասաց Հայաստանի ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք քննարկել ենք մի թեկնածուի հարցը, ով, ինչպես կարծում ենք, կարող է լավագույնս ներկայացնել Հայաստանն ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում, ունի աշխատանքային մեծ փորձ, ինտելեկտուալ բարձր ընդունակություններ, լեզուների իմացություն, դրական հեղինակություն և Հայաստանում, և Սփյուռքում: Կարծում ենք, որ դա այն թեկնածությունն է, որին կսատարեն Հայաստանի քաղաքական ուժերի մեծամասնությունը»,- ասաց Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտին:

Նա նշեց, որ տվյալ թեկնածությունը քննարկելու առաջարկով հանդես է եկել ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, գործադիր մարմնի անդամները քննարկել են և, ընդհանուր առմամբ, կողմ են հանդես եկել այս թեկնածության առաջադրմանը:

«Վաղը ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կառաջարկի այդ թեկնածուին առաջադրել ՀՀԿ-ից երկրի չորրորդ նախագահի պաշտոնում»,- ասաց նա:

Լրագրողների բազմաթիվ հարցերին Շարմազանովը պատասխանեց, որ որոշումն արդեն ընդունված է, բայց, կոռեկտությունից ելնելով, առաջարկությունը կարվի կուսակցության ղեկավարի կողմից, և վաղը նա հրապարակայնորեն կանի դա:

«Ոչ մի սենսացիա չկա: Դա այն թեկնածությունն է, որը շատերը հավանական էին համարում: Դա անսպասելի թեկնածու չէ»,- ավելացրեց նա: 


Նոր Սահմանադրության համաձայն, Հայաստանի նախագահին ընտրում է Ազգային ժողովը պետության գործող նախագահի լիազորությունների ավարտից հետո ոչ ավելի վաղ, քան քառասուն, և ոչ ավելի ուշ, քան երեսուն օրվա ընթացքում:

Փաստորեն Հայաստանի նախագահի պաշտոնի թեկնածուները պետք է առաջադրվեն 2018 թվականի փետրվարի վերջին տասն օրերի ընթացքում: Ծրագրվում է, որ առաջադրումը կսկսվի փետրվարի 19-ից: Նախագահին կընտրի Հայաստանի խորհրդարանը, իսկ բոլոր ընթացակարգերը պետք է ավարտվեն մինչև ապրիլի 9-ը` գործող նախագահի լիազորությունների լրանալը:

Հայաստանի նախագահի ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կկայանան մարտի 2-ին: -0-