Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 10, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+26

ԿԸՀ–ն մերժել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումը

06.02.2013, 20:18
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում քննարկել է Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի 04.02.2013թ. դիմումը, որում դիմումատուն նշում է, թե Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր քարոզարշավում, երկրորդ շաբաթից սկսած, օգտագործում է գովազդային հոլովակ, որտեղ ներառված է իր պատկերը:
ԿԸՀ–ն մերժել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումը
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում քննարկել է Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի 04.02.2013թ. դիմումը, որում դիմումատուն նշում է, թե Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր քարոզարշավում, երկրորդ շաբաթից սկսած, օգտագործում է գովազդային հոլովակ, որտեղ ներառված է իր պատկերը:

«Radio Hay»–ի ղեկավար Անդրիաս Ղուկասյանն անժամկետ հացադուլ է անցկացնում հունվարի 21–ից։ Նա հայտարարել է ընտրությունների անօրինականության մասին` իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից վարչական ռեսուրսների օգտագործման պատճառով։ Հացադուլի նպատակն է խթանել հանրային ակտիվությունը` արդար ընտրություններ անցկացնելու նպատակով։

Դիմումատուն չի տվել համաձայնություն` այդ հոլովակում իր պատկերն օգտագործելու համար: Ըստ Անդրիաս Ղուկասյանի` հոլովակն իր բովանդակությամբ քաղաքացիների մոտ կարող է ստեղծել թյուր պատկերացում, թե Սերժ Սարգսյանն աջակցել է Մաշտոցի պուրակում 2012թ.–ի ապրիլին քաղաքացիական անհամաձայնություն արտահայտած քաղաքացիներին:

Նշված դիմումով ԿԸՀ-ից պահանջվում է միջոցներ ձեռնարկել ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նկատմամբ` արգելելով վերջինիս իր քարոզչության մեջ թեկնածու Անդրիաս Ղուկասյանի պատկերի օգտագործումը և թյուր տեղեկատվության տարածումը:

Դիմումի քննության արդյունքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստեց, որ թեկնածուների կողմից ներկայացված տեղեկատվության հանրային ընկալման գնահատման, առավել ևս դրանով պայմանավորված սանկցիաներ կիրառելու իրավասություն կենտրոնական ընտրական հանձնաժողովը չունի: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր պատճառաբանական հատվածում արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության որևէ օրենք չի արգելում Հանրապետության Նախագահի թեկնածուներին իրենց քարոզչական հոլովակներում և նյութերում օգտագործել այլ անձանց պատկերող տեսարաններ: Ինչ վերաբերում է կոնկրետ դիմումով ներկայացված փաստական հանգամանքին, ապա, ուսումնասիրելով «Ազատ ու ինքնավստահ Հայաստան» անվանումը կրող քարոզչական բնույթի հոլովակը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ դիմումատուի նշած դրվագը վերաբերում է Հանրապետության Նախագահի թեկնածուի որոշակի գործունեության ներկայացմանը:

Վերոգրյալով պայմանավորված` հանձնաժողովը որոշեց մերժել Հանրապետության Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումը: Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—