Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 11, ուրբաթ
եղանակը
Երևանում
+33

ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները լուրջ հակահարված են հասցրել հակառակորդին և հետ շպրտել ելման դիրքեր

02.08.2014, 11:37
Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ ադրբեջանական կողմը հերթական անգամ հետախուզադիվերսիոն գործողություն է ձեռնարկել:
ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները լուրջ հակահարված են հասցրել հակառակորդին և հետ շպրտել ելման դիրքեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ ադրբեջանական կողմը հերթական անգամ հետախուզադիվերսիոն գործողություն է ձեռնարկել:

Ինչպես հայտնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր:

Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած տվյալների,  ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք զոհ և յոթ վիրավոր, ինչպես նաև մարտադաշտում թողել հատուկ նշանակության զենքեր և այլ տեխնիկական միջոցներ: Ցավոք թեժ դիմակայության ընթացքում կորուստ է ունեցել նաև հայկական կողմը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Զ. Գևորգյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Դեպքի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:

Հարկ է նաև նշել, որ անցած գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից նախահարձակ գործողություններ են իրականացվել շփման գծի հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան ուղղություններով: Բոլոր դեպքերում էլ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները լուրջ հակահարված են հասցրել հակառակորդին և հետ շպրտել իր ելման դիրքերը: Ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել, հակառակորդի կորուստների մասին տվյալները ճշտվում են:

Շփման գծի ողջ երկարությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրենց պաշտպանության ներքո գտնվող դիրքերը և հարկ եղած դեպքում հակառակորդին պարտադրել սեփական կամքը:-0-