Рейтинг@Mail.ru
USD
382.12
EUR
443.79
RUB
4.7327
GEL
141.24
2025 թ. նոյեմբերի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Մեծ Բրիտանիան ամբողջությամբ կչեղարկի Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման իր էմբարգոն

14.10.2025, 11:45
Այդ որոշումը Մեծ Բրիտանիային թույլ կտա անվտանգության և պաշտպանության ոլորտում գործակցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ
Մեծ Բրիտանիան ամբողջությամբ կչեղարկի Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման իր էմբարգոն

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Միացյալ Թագավորությունը ջերմորեն ողջունում է խաղաղության ճանապարհին Հայաստանի և Ադրբեջանի արձանագրած առաջընթացը. այդ իրադարձություններն առանցքային են տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ապահովման ջանքերում: Այդ մասին ասված է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի հայտարարության մեջ: Փոխանցում է 1lurer.am-ը։

Նշվում է, որ հաշվի առնելով այդ առաջընթացը և նպատակ ունենալով աջակցելու խաղաղության գործընթացին՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում է ընդունել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ իր երկկողմ հարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի:

«Հաշվի առնելով խաղաղության առաջխաղացման գործում ձեռք բերված զգալի առաջընթացը և նախագահ Թրամփի կողմից վերջերս Վաշինգտոնում կազմակերպված գագաթնաժողովի պատմական արդյունքները, Մեծ Բրիտանիան գտնում է, որ 1992 թվականին ԵԱՀԿ-ի կողմից առաջարկված զենքի էմբարգոյի հիմքում ընկած հիմնավորումը ուժը կորցրել է: Ուստի Մեծ Բրիտանիան ամբողջությամբ կչեղարկի Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման իր էմբարգոն»,- ասված է հայտարարության մեջ։

Այդ որոշումը Մեծ Բրիտանիային թույլ կտա անվտանգության և պաշտպանության ոլորտում գործակցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, աջակցել նրանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանն ուղղված ջանքերին:

«Մենք ուշադիր հետևելու ենք տարածաշրջանային և ներքին անվտանգության իրավիճակին ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Մենք անկեղծորեն հույս ունենք, որ սա բարենպաստ պահ է Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման հաստատման համար: Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել երկու երկրների, Միացյալ Նահանգների, Եվրամիության և այլ գործընկերների հետ՝ կառուցողական և ակտիվ դեր խաղալու բարեփոխումներին աջակցելու, ինչպես նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում»,- ասված է Դաութիի հայտարարության մեջ: