ՄԻՊ-ը միջազգային կառույցներին է ուղարկել Տավուշի ուղղությամբ հրետակոծությունների մասին առաջին միջանկյալ զեկույցը

ԵՐԵՎԱՆ. 13 հուլիսի./ԱՌԿԱ/. Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը՝ անգլերեն լեզվով: Այն կազմվել է գիշերվա ընթացքում։ Այս մասին Facebook-յան էջում հայտնել է ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:
«Առանձին ընթացակարգով զեկույցն ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Հատուկ նշում եմ, որ այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները»,- նշել է նա:
Նրա խոսքով, միջանկյալ զեկույցը կազմվել է՝ հիմքում ունենալով տեղեկությունների և փաստերի հավաքագրման մեր ինքնուրույն աղբյուրները:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկման աշխատանքներ՝ անմիջական կապ պահպանելով Տավուշի մարզի Մովսես և մի շարք այլ գյուղերի բնակիչների, քաղաքացիական համայնքների վարչական մարմինների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ պաշտոնական հաղորդակցությամբ:
«Այսօր առավոտյան ևս արձանագրվել են տեղեկություններ Մովսես և մի շարք այլ խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական կողմի հրետակոծության, Հայաստանի այդ քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության համար իրական վտանգի մասին»,- նշել է նա:
Հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրման մասին
ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ավելի ուշ, Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում
Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:
Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան:
Հայկական կողմից կորուստներ չկան: ՊՆ խոսնակի հաղորդմամբ, այսօր թեթև մարմնական վնասվածներ են ստացել սահմանին մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկան: -0-