Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+33

Սարգսյանն անհեռատես և ցինիկ է համարում Անկարայի` Հայոց ցեղասպանության օրը Գալիպոլիի ճակատամարտը նշելու որոշումը

29.01.2015, 20:13
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի սկսված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում անհեռատես և ցինիկ անվանեց Թուրքիայի որոշումը` խմբագրել սեփական պատմությունը` Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը նշելու միջոցով:
Սարգսյանն անհեռատես և ցինիկ  է համարում Անկարայի` Հայոց ցեղասպանության օրը Գալիպոլիի ճակատամարտը նշելու որոշումը
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի սկսված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում անհեռատես և ցինիկ անվանեց Թուրքիայի որոշումը` խմբագրել սեփական պատմությունը` Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը նշելու միջոցով:

Ավելի վաղ թուրքական մամուլը տեղեկացրել էր, որ Էրդողանը հրավիրել է Սարգսյանին ապրիլի 23–24–ը մասնակցել Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին։ Նախորդ շաբաթ Սարգսյանը պատասխանել է այդ հրավերին` ընդգծելով, որ այն  համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ է հետապնդում։

«Ասում են, որ քաղաքականության մեջ բոլոր միջոցները հարմար են, բայց կարծում եմ՝ այդ հարցում պաշտոնական Անկարան վատ ծառայություն մատուցեց ինքն իրեն: Կարծում եմ, որ իմ պատասխանը և դրան հետևած միջազգային և հենց Թուրքիայի ներսում տեղ գտած արձագանքները ապացուցում են այդ թերհաշվարկված քայլի սին լինելը»,– Սարգսյանի խոսքն է մեջբերում պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նրա խոսքերով` այդ քայլը սին է, ինչպես և ժխտողականության բոլոր դրսևորումները:

«Ժխտողականությունը ոչ միայն քաղաքական թուլության և անլիարժեքության բարդույթների դրսևորում է, այլև իրավական կատեգորիա: Այն կապում է Թուրքիայի գործող իշխանությունները ցեղասպանության հանցագործությունը կատարած իրենց նախորդների հետ, դարձնում նրանց մեղսակից մարդկության դեմ այդ ծանրագույն հանցատեսակում: Եվ հենց դրանով էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երեկ զբաղված Թուրքիայի Հանրապետությունը»,– ընդգծեց Սարգսյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից: Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում է։-0-