Փաշինյանը Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա․ Ալեն Սիմոնյանը հաստատեց

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/ԱՌԿԱ/․ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20–ին մեկնելու է Անկարա՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ հանդիպման։
«Այո, հաստատում եմ։ Օրակարգը արդեն վարչապետի գրասենյակից կհայտնեն», – ասաց Սիմոնյանը։
Նա նաև դրական պատասխանեց լրագրողի այն հարցին, որ Փաշինյանի այցը Թուրքիա կազմակերպվում է Էրդողանի հրավերի հիման վրա։
«Տարածաշրջանային բոլոր հարցերը քննարկվելու են, և ես կարծում եմ, որ այս այցը պատմական է, որովհետև ՀՀ ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու։ Ես հիմա դժվարանում եմ ասել, թե դա պաշտոնական, թե աշխատանքային այց է, բայց դա երկկողմ այց է, և հրավեր է արվել նախագահի կողմից (Էրդողանի, խմբ․)», – ասաց Սիմոնյանը։
Պատասխանելով այն հարցին, թե, միգուցե, Թուրքիան ուզում է միջնորդ դառնալ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում՝ Սիմոնյանն ասաց, որ ճիշտ չի համարում նման գնահատականներ տալը։