Рейтинг@Mail.ru
USD
382.12
EUR
443.79
RUB
4.7327
GEL
141.24
2025 թ. նոյեմբերի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Փաշինյանը և Ալիևը Կոպենհագենում հանդիպման ժամանակ կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները

02.10.2025, 14:31
Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ
Փաշինյանը և Ալիևը Կոպենհագենում հանդիպման ժամանակ կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը 2025թ. հոկտեմբերի 2-ին Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպմանը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։

Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Facebook-ի իր էջում։

Կողմերն ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը։

Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի տարածքում «TRIPP» նախագծի իրականացման առաջընթացը՝ մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ։

Այս համատեքստում կողմերը ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրա հետ առնչվող բոլոր կառույցները դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը։

Կողմերը կարևորել են վստահություն ամրապնդման միջոցառումների հետագա իրականացման անհրաժեշտությունը և համաձայնել են շարունակել իրենց շփումները։

Վաշինգտոնյան հռչակագրի մասին

Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։

Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։