Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ լարվածության սրումից
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի սրմանն ուղղված քայլերից և գործուն միջոցներ ձեռնարկել սահմանային գոտում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ, հայտնում է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց: Նույն ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 48 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց:
«ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը: Հայ զինծառայողներն իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում»,– ասվում է հաղորդագրությունում։
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ ադրբեջանական կողմից հրադադարի պարբերական խախտումները հերթական անգամ վկայում են, որ ադրբեջանական զինված ուժերի և պաշտպանության նախարարության ղեկավարությունը միտումնավոր դիմում է սադրիչ գործողությունների հայ-ադրբեջանական շփման գծում արհեստական լարվածություն ստեղծելու նպատակով, կամ` ադրբեջանական զինված ուժերի` սահմանային գոտում տեղակայված ստորաբաժանումները չեն ենթարկվում կենտրոնական հրամանատարությանը, զբաղված են ինքնագործունեությամբ և հաշվետու չեն հրամանատարությանը սպառած ռազմամթերքի համար։
Հուլիսի վերջին – օգոստոսի սկզբին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:46 22.08.2014