Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Պուտինը չորեքշաբթի ՀՀ նախագահի հետ կքննարկի Անդրկովկասի անվտանգությունն ու երկկողմ հարաբերությունները

08.08.2012, 13:25
ՀՀ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ չորեքշաբթի կքննարկի Անդրկովկասի անվտանգությունն ու երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:
Պուտինը չորեքշաբթի ՀՀ նախագահի հետ կքննարկի Անդրկովկասի անվտանգությունն ու երկկողմ հարաբերությունները
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  ՀՀ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ չորեքշաբթի կքննարկի Անդրկովկասի անվտանգությունն ու երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:

ՀՀ նախագահի աշխատանքային այցը ՌԴ նախատեսված է օգոստոսի 7-ից 8-ը: Այցի շրջանակում նախատեսված են ռուս-հայկական բանակցություններ, որոնք կանցնեն բարձր մակարդակով և որոնց ընթացքում ենթադրվում է քննարկել երկկողմ հարաբերությունների արդի հարցերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ երկու երկրների փոխգործակցության խորացման հեռանկարները ԱՊՀ տարածությունում ու եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Այցը նոր քայլ կլինի Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային գործընկերության բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների ճանապարհին: Բանակցությունների ընթացքում կքննարկվի նաև անվտանգության և կայունության ապահովման հարցը Անդրկովկասում: Տարածաշրջանային մակարդակով Երևանի հետ արտաքին քաղաքական գործողությունների սերտ համակարգումը կնպաստի տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի վերականգնմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունը նշում է, որ 2012թ.-ը նշանակալի է երկու երկրների համար. այս տարի լրանում է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին հիմնարար ռուս-հայկական միջպետական պայմանագրի կնքման 15-ամյակը: Ավանդաբար շարունակվող ինտենսիվ երկխոսությունը իրականացվում է կառավարական, խորհրդարանական և գերատեսչական ուղղություններով՝ միջտարածաշրջանային համագործակցության շրջանակներում և, նախևառաջ, պետությունների ղեկավարների մակարդակով: Այս տարվա սկզբին աշխատանքային այցով Հայաստան են այցելել Վիկտոր Զուբկովը (փետրվարի 6-7-ը), Նիկոլայ Պատրուշևը (փետրվարի 8-9-ը), Յուրի Չայկան (ապրիլի 25-26-ը):

«Ռուսաստանը վստահորեն զբաղեցնում է Հայաստանի հիմնական արտաքին տնտեսական գործընկերոջ դիրքերը: Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրային կոնտրագենտն է, հայկական տնտեսության առաջատար արտասահմանյան ներդրողը: 2010-2011թթ.-ի արդյունքում վերականգնվել է մինչճգնաժամային մակարդակը և շարունակում է աճել փոխադարձ առևտրաշրջանառությունը, առաջիկայում այն կհասնի 1 մլրդ դոլարի: Այս տարվա հունվար-հունիս ամիսներին փոխադարձ առևտրի ծավալն արդեն հասել է 556 մլն դոլարի, որը 32 տոկոսով բարձր է 2011թ.-ի ցուցանիշից»,- հաղորդում է մամուլի ծառայությունը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հայկական տնտեսության առանցքային արտասահմանյան ներդրողն է:

Խոշոր ներդրումային նախագծեր են իրականացվում, մասնավորապես, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: 1998թ.-ից մինչև 2011թ.-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տնտեսությունում ռուսական կապիտալի ներդրումների կուտակային ծավալը հասել է 2,4 մլրդ դոլարի: Ռուսական կապիտալների ներդրումների հիմնական ոլորտներն են էներգետիկայի, բանկային, հեռահաղորդակցության, հանքամետաղագործական և շինարարական հատվածները:

Մամուլի ծառայությունը նշում է, որ հայկական շուկայում արդյունավետ աշխատանք են իրականացնում ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ն, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ն, «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն, «ՌԵԿ» ԲԲԸ-ն, «Ռոսիյսկի ալյումինի» ԲԲԸ-ն, «Սիստեմա» ԲՖԿ ԲԲԸ-ն: Ռուսական կապիտալով ձեռնարկությունների ընդհանուր քանակը շուրջ 1,3 հազար է, որը կազմում է արտասահմանյան կապիտալի մասնակցությամբ հանրապետության բոլոր ձեռնարկությունների ավելի քան քառորդ մասը:

«Առևտրատնտեսական փոխգործակցության համակարգման և կատարելագործման կարևոր գործիքը տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովն է, որի հերթական՝ 13-րդ նիստը կայացել է 2011թ.-ի հուլիսի 8-ին Դոնի Ռոստովում:  2012թ.-ի փետրվարի 6-7-ը տեղի է ունեցել Հանձնաժողովի ազգային հատվածների համանախագահների հանդիպումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գործնական համագործակցության առաջնահերթ ուղղությունը մնում է վառելիքի և էներգետիկայի ոլորտը: Այն ռուսական ընկերությունները, որոնք սեփականատեր են հանդիսանում և կառավարում են  Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության և գեներացիայի կարևոր օբյեկտները, նրանց շահավետ գործարկման մակարդակի են հասցրել, ապահովում են հանրապետության սոցիալտնտեսական ոլորտի կայուն էներգամատակարարումը, բավարարում են բնական գազի և միջուկային վառելիքի մատակարարումների հարցում երկրի պահանջների զգալի մասը, ասվում է հաղորդագրության մեջ:

«Պլանային կարգով գազաէներգետիկ նախագծերն են իրականացվում: Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում որակապես ավելի բարձր փուլ է մտնում փոխգործակցությունը: Հերթական լայնածավալ ներդրումային նախագիծը նպատակ ունի համագործակցել Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության հարցում»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ռուսաստանին ու Հայաստանին կապող խորը պատմական և մշակութային ավանդույթները մարդասիրական  ոլորտի փոխգործակցության բարձր մակարդակ են ապահովում: Այդ գործում տարբեր աստիճանով մասնակցում են ՌԴ  շուրջ 70 սուբյեկտներ: Առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային փոխգործակցության մասին  28 միջտարածաշրջանային համաձայնագրեր են ստորագրվել:

Երկու երկրների համար կարևոր իրադարձություն է դարձել 2011թ.-ի ապրիլի 18-19-ը Երևանում  «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» հայ-ռուսական առաջին միջտարածաշրջանային համաժողովի անցկացումը:

Մոսկվան և Երևանը համագործակցում են նաև ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն կառույցների շրջանակներում: Գոհունակությամբ պետք է նշել եվրասիական ինտեգրման գործընթացներին միանալու հարցում հայ գործընկերների շահագրգռվածության բարձրացումը: Արտաքին քաղաքական համակարգում է իրականացվում միջազգային քաղաքականության առանցքային հարցերի շուրջ, ներառյալ եվրոպական և տարածաշրջանային անվտանգության ապահովումը: Փոխգործակցություն է հաստատվել միջազգային կազմակերպություններում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրախորհրդում, ՍԾՏՀ-ում, նշում է նախագահի մամուլի ծառայությունը: -0-