Թեհրանը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը և դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության․ Իրանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/ԱՌԿԱ/․ Թեհրանը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումն ու դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության, Երևանում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։
«Տարածաշրջանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում և դիվանագիտության միջոցով՝ առանց ուժի կիրառման», – ասաց Արաղչին իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց, որ Արաղչիին ներկայացրել է հայ–ադրբեջանական սահմանի սահմանագծման գործընթացն ու խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ վերջին զարգացումները։
«Կրկին ընդգծել եմ, որ Հայաստանը հետամուտ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, որի կարևոր փուլը կարող է դառնալ խաղաղության համաձայնագրի ստորագրումը», – ասաց Միրզոյանը։
Նա բարձր գնահատեց Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության և նրա ինքնիշխանության հարցում։
«Ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար մեր երկու պետությունների միջև սահմանների անձեռնմխելիությունն ունի կենսական կարևորություն», – ասաց Միրզոյանը։