Рейтинг@Mail.ru
USD
382.12
EUR
443.79
RUB
4.7327
GEL
141.24
2025 թ. նոյեմբերի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

TRIPP նախագիծը ՀՀ-ին հնարավորություն է տալիս տրանսպորտային կապ ունենալ ինչպես ԱՊՀ մյուս անդամ պետությունների, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ. Փաշինյան

10.10.2025, 13:53
Այն բացում է արտահանման և ներմուծման նոր հնարավորություններ նաև ԱՊՀ երկրների համար, ասել է Նիկոլ Փաշինյանը
TRIPP նախագիծը ՀՀ-ին հնարավորություն է տալիս տրանսպորտային կապ ունենալ ինչպես ԱՊՀ մյուս անդամ պետությունների, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատված խաղաղությունը մեզ վստահություն է տալիս, որ այն հարցերը, որոնք լուծված չեն, աստիճանաբար կլուծվեն։ Այս մասին այսօր Դուշանբեում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Չնայած հաստատված խաղաղությանը, չի նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը սպառվել են։ Մենք դեռևս պետք է հաստատենք փոխադարձ առևտրային, տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր, լուծել հումանիտար խնդիրները և սա հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով երկարամյա թշնամանքի պատմությունը։ Սակայն հաստատված խաղաղությունը մեզ վստահություն է տալիս, որ այս հարցերն աստիճանաբար կլուծվեն»,-ասել է նա։

Փաշինյանն ասել է, որ համագործակցության հիմնադիր փաստաթուղթը՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրն է, որը ամրագրված է որպես երկու երկրների միջև միջպետական սահմանի սահմանազատման հիմնական սկզբունք։

«Ս․թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Թրամփի նախաձեռնությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովից հետո, նախագահ Ալիևի հետ մենք ընդունեցինք հռչակագիր, որում արձանագրվում է, որ Հայաստանը և Ադրբեջանն ընդունում են անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը»,-ասել է Փաշինյանը։

Խոսելով «Թրամփի ուղի» նախագծի մասին՝ Փաշինյանն ընդգծել է, որ TRIPP նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս երկաթուղային և այլ տրանսպորտային կապ ունենալ ինչպես ԱՊՀ մյուս անդամ պետությունների հետ, այնպես էլ Ադրբեջանի հետ։

«Սա նշանակալի փոփոխություն և հանգամանք է, որը, անկասկած, կնպաստի ԱՊՀ շրջանակներում տնտեսական կապերի ամրապնդմանը և կազմակերպության արդյունավետության բարձրացմանը»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ TRIPP նախագիծը բացում է արտահանման և ներմուծման նոր հնարավորություններ նաև ԱՊՀ երկրների համար։

Փաշինյանն ասել է, որ Վաշինգտոնում նախաստորագրված «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրով կողմերը հաստատել են իրենց ըմբռնումը, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններ։

«Համապատասխանաբար, Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը։ Սա նշանակում է, որ երկու երկրներն էլ ճանաչում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնական է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքին, իսկ Ադրբեջանի Հանրապետության տարածքը՝ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքին, և այդ տարածքները ներառող սահմաններն անձեռնմխելի են»,-եզրափակել է վարչապետը։