Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+34

Ոսկանյան․ տարածաշրջանը լրջագույն լարվածության փուլ է թևակոխում, ՀՀ ԶՈւ–ն պետք է բերվի մարտական պատրաստության

13.06.2025, 11:58
Տարածաշրջանը լրջագույն լարվածության փուլ է թևակոխում, որի վերջնարդյունքը պարզ չէ, հայտարարել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը
Ոսկանյան․ տարածաշրջանը լրջագույն լարվածության փուլ է թևակոխում, ՀՀ ԶՈւ–ն պետք է բերվի մարտական պատրաստության

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/ԱՌԿԱ/․ Տարածաշրջանը լրջագույն լարվածության փուլ է թևակոխում, որի վերջնարդյունքը պարզ չէ, հայտարարել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Իսրայելը գիշերը հարձակվել է Իրանի վրա, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, 20–ը վիրավորվել է։ Կան ավերածություններ։

«Առայժմ պարզ է միայն, որ այս լուսադեմին Իսրայելը կետային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ Ոչ միայն հստակ չէ, թե ի՞նչ իրական վնասի մասին կարող է գնալ խոսքը, այլև նույնիսկ, թե ի՞նչ թիրախներ են խոցվել։ Տեղեկատվական և ապատեղեկատվական հսկայական հոսքերի խառնաշփոթի մեջ կողմնորշվելը չափազանց բարդ է», – գրել է Ոսկանյանը Telegram–ի իր ալիքում։

Նա նաև ավելացրել է, որ ՀՀ ԶՈւ-երը պետք է բերվեն իրավիճակին համարժեք մարտական պատրաստության

«Որպես առաջնահերթություն ի՞նչ պետք է անի Հայաստանը Մերձավոր Արևելքում ներկայիս ծայրահեղ լարվածության իրավիճակում, որը լրացուցիչ անվտանգային մարտահրավերներ է ստեղծում մեր պետության համար», – հարցադրում է արել Ոսկանյանը։

Նրա խոսքով, «ներքաղաքական օրակարգում իշխանությունը պետք է գնա հանրային համերաշխության հաստատման ուղով։ Չկա ոչ մի ավելի կարևոր խնդիր, քան մեր պետության և ազգի անվտանգությունն է»։

Ոսկանյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ-երը պետք է բերվեն իրավիճակին համարժեք մարտական պատրաստության՝ հատկապես Նախիջևանում անցկացվող ադրբեջանաթուրքական զորավարժությունների ֆոնին։

«Դաշնակից պետությունների հետ պետք է սկսվեն փակ խողովակներով համակարգումներ։ Իրանական կողմի հետ պետք է պահվի մշտական կապ դիվանագիտական և անվտանգային խողովակներով», – նշել է Ոսկանյանը։