Рейтинг@Mail.ru
USD
360.34
EUR
402.61
RUB
4.4001
GEL
138.95
2026 թ. նոյեմբերի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Եվրոպական ուղղվածությունը և եվրաինտեգրման գործընթացները Հայաստանի գիտակցված ընտրությունն են

31.05.2013, 12:16
Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը գիտակցված ընտրության արդյունք է, հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Երևանում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի բացման ժամանակ։
Եվրոպական ուղղվածությունը և եվրաինտեգրման գործընթացները Հայաստանի գիտակցված ընտրությունն են
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը գիտակցված ընտրության արդյունք է, հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Երևանում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի բացման ժամանակ։

«Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղվածությունը և  եվրաինտեգրման գործընթացները գիտակցված ընտրության արդյունք է, որը խարսխված է մեր ընդհանուր արժեհամակարգի, հարուստ մշակութային և քրիստոնեական ժառանգության վրա և բխում է մեր ներքին օրակարգից»,- ասաց Աբրահամյանը։

Նա նշեց, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է կազմում «ինչպես իր անցյալով, այնպես էլ իր ներկայով՝ ժողովրդավարության հաստատման, օրենքի գերակայության ապահովման, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ստանձնած իր հանձնառությամբ»:

Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թ.-ի հունիսի 19-ին Երևանում: Ապագա համաձայնագիրը կփոխարինի Գործընկերության և համագործակցության մասին գործող համաձայնագրին և նպատակ ունի խորացնել հարաբերությունները Հայաստանի և Եվրամիության միջև տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղաշարժի, էներգետիկայի ոլորտներում:

Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ին կայանալիք «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովի ժամանակ։--0--