Ձևավորվել է սրտանոթային հիվանդությունների կառավարման խորհուրդ, այն կպատրաստի նախաձեռնությունների փաթեթ մոտակա տարիների համար

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./ԱՌԿԱ/. Սրտանոթային հիվանդությունների դիմելիության առումով հիմա հիվանդների ավելացած հոսք կա, կլինիկաներում մահճակալի խնդիր է առաջանում:
Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց սրտաբանության գծով ԱՆ խորհրդատու Համլետ Հայրապետյանը:
Մասնագետի խոսքով՝ գարնանը բոլոր քրոնիկ հիվանդությունները սեզոնային սրացում են ապրում: Սրտանոթային հիվանդությունների պարագայում դա առաջին հերթին վերաբերում է զարկերակային հիպերտենզիային, սրտի իշեմիկ հիվանդությանը, սրտի տարբեր առիթմիաներով տառապող հիվանդներին:
«Այս պահին հիվանդանոցներում նույնիսկ մահճակալների խնդիր է առաջանուն: Սա ոչ միայն առողջապահական, այլ նաև սոցիալական խնդիր է: Խրոնիկ սրտային հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է պարբերաբար դեղորայքային բուժում ստանան և լինեն իրենց բուժող բժշկի հսկողության տակ»,-ասաց Հայրապետյանը:
Սրտաբանության գծով ԱՆ խորհրդատուի խոսքով՝ գրեթե բոլոր սրտանոթային հիվադությունները երիտասարդացման ռիսկային գոտում են:
«Ինչ վերաբերվում է տարիքային առանձնահատկություններին, մասնավորապես՝ սրտանոթային հիվանդությունների երիտասարդացմանը, ասեմ, որ դա համընդհանուր համաշխարհային միտում է: Բայց, ես կարծում եմ՝ այժմ բարելավվել է ախտորոշման գործընթացը: Մասնավորապես, մեր երկրում տարբեր ախտորոշիչ նորագույն մեթոդների, տարբեր առողջապահական ծրագրերի ներդրման շնորհիվ բարելավվել է տարբեր հիվանդությունների՝ մասնավորապես սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշումը և վաղ հայտնաբերումը»,-ասաց սրտաբանը:
Նրա խոսքով՝ այժմ ձևավորվել է սրտանոթային հիվանդությունների կառավարման խորհուրդ, որը մոտակա տարիների համար պետք է պատրաստի նախաձեռնությունների փաթեթ: Այն միտված է լինելու գործող ծրագրերի մեջ բարեփոխումներ մտցնելուն, ինչպես նաև սրտանոթային հիվանդությունների հնավարավորինս վաղ ախտորոշմանն ու նոր մեթոդների ներդրմանը:
Մասնագետը նաև նշեց, որ մահվան դեպքերի կեսը Հայաստանում շարունակում է բաժին ընկնել սրտանոթային հիվանդություններին:
«Այս հիմնախնդիրը կապված է տարբեր սոցիալական խնդիրների՝ կենցաղի, ապրելակերպի հետ: Վերջին տարիներին առողջապահության նախարարությունը սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոնների նվազեցման նպատակով նախաձեռնել է մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ հանրային վայրերում ծխելու արգելքը և այլ ծրագրեր»,-ասաց մասնագետը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին իրականացվում է սրտամկանի ստենդավորման ծրագիր, որը ևս որոշակի նվազեցրել է սրտամկանի ինֆարկտից մահացության դեպքերի թիվը:
«Սրտամկանի ինֆարկտից հիվանդանոցային մահացության կտրուկ նվազում ունեցանք: Դա բերեց նրան, որ հասանք զարգացած եվրոպական երկրներին ցուցանիշներին: Մեր բնակչության մոտ պետք է ձևավորել առողջապահական մշակույթ, որը մեր երկրում շատ ցածր է»,-ասաց Հայրապետյանը:
Մասնագետ խոսքով՝ եթե նույնիսկ սրտանոթային հիվադություն ունեցող անձը վիրահատվում է, պետք է շարունակի դեղորայքային բուժումը՝ բարդություններից խուսափելու համար:
«Բայց մեզ մոտ հիվանդների մեծ մասը չի ընդունում, չի շարունակում իր բուժումը, մտածելով, որ կրկնվելու դեպքում կարող է պետական աջակցությամբ բուժվել: Սա բավական լուրջ խնդիր է առողջապահական համակարգի համար: Միայն պետությունը չէ, որ պետք է գումարներ ներդնի, հիվանդն առաջին հերթին պետք է անհանգստանա իր առողջությամբ»,-ասաց Հայրապետյանը:
Համլետ Հայրապետյանը հավելեց, որ 50-ից բարձր տղամարդիկ և 60-ից բարձ կանայք արդեն համարվում են ռիսկային խումբ: Հիվանդությունը վաղ փուլում հայտաբերելու և հետագա բարդություններից խուսափելու համար պետք է սկսել հաճախակի այցելել բժշկի:–0–