ՀՀ–ում շարունակում է արձանագրվել ՍՇՎ–ով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ. շրջանառում են գրիպի Ա H1N1 և Բ տեսակները. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Այդ մասին են վկայում ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության ցուցանիշները, որը բնորոշ է ներկայիս սեզոնին։
Այսպես` 2020 թվականի հունվարի 14-ին սուր շնչառական վարակներով դիմել է 1194, նախորդ տարվա նույն օրը` 1080 պացիենտ:
«Չնայած, որ նկատվում է ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության ցուցանիշների աճ, թոքաբորբերով դիմելիությունը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,9 անգամ», – նշում են գերատեսչությունից:
Հունվարի 14-ի դրությամբ` հանրապետության բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 725 հիվանդ (նախորդ տարվա համեմատ նվազում՝ 1,15 անգամ), որի 96,5%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են:
Հիվանդների դիմելիության հիմնական բեռը դեռևս բաժին է ընկնում Երևանի մանկական ստացիոնարներին:
Բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 40 հիվանդ (նախորդ տարվա 63-ի փոխարեն), որոնց մեծամասնությունը կազմում են մինչև 5 տարեկան երեխաները:
Ծայրահեղ ծանր հիվանդներ՝ պայմանավորված հետգրիպային բարդություններով առկա չեն:
Ընթացիկ տարվա հունվարի 13-ին արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված 77 կանչ, նախորդ տարվա 119 կանչի փոխարեն, թոքաբորբերով՝ 17 կանչ, նախորդ տարվա 29 կանչի փոխարեն:
«Լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում դեռևս շրջանառում են գրիպի Ա H1N1 և Բ տեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս)», – նշվում են գերատեսչության հաղորդագրության մեջ:
Կրթական կազմակերպություններում շարունակվում է ջերմային ռեժիմի սահմանված ցուցանիշների պահպանման դիտարկումը։ Հունվարի 14-ի դրությամբ շեղումներ արձանագրվել են 138 դպրոցում և 23 մանկապարտեզում: Անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով առողջապահության նախարարությունը շեղումների մասին օրական տեղեկացնում է շահագրգիռ կառույցներին:
ԱՆ–ից հիշեցնում են, որ գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է:
«Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով: Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել, հատկապես՝ հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք», – նշել են ԱՆ–ից:
Չնայած առողջապահության նախարարության հորդորներին, դեռևս խիստ ցածր է ռիսկի խմբերի ներկայացուցիչների սեզոնային գրիպի դեմ պատվաստումներում ընդգրկվածությունը, մասնավորապես 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ՝ 4,6%, հղիներ՝ 3,1%, քրոնիկ հիվանդներ՝ 7,9%, 65-ից բարձր տարիքի անձինք՝ 1,5%:
Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է պատվաստվել սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով հաշվառման պոլիկլինիկա, խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, հիվանդանալու դեպքում մնալ տանը, հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխել փակ տարածքները, հետևել անձնական հիգիենային։–0–