ՀՀ վարչապետը մեկնաբանել է գործազրկության նվազման դրական միտումները

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում մեկնաբանել է երկրում գործազրկության նվազման հետ կապված իրավիճակը։
«Ուրախ եմ արձանագրել, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք: Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ, նվազելով 29 հազար 200 մարդով: Ներկայումս մեր երկրում գործազրկությունը կազմում է 17.7 տոկոս, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2.5 տոկոսով», – նշել է ՀՀ վարչապետը:
Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, գործազրկության մակարդակը երկրորդ եռամսյակում, առաջին եռամսյակի համեմատ, նվազել է 4,4%–ով։
Աշխատանք փնտրողների թիվն օգոստոսի վերջի դրությամբ կազմել է 83,04 հազար մարդ, որից 61,97 հազարը գործազուրկ է։ Ընդ որում Երևանում աշխատանք է փնտրում 12,3 հազար մարդ։
Առավելագույն պահանջարկը (2 223 աշխատատեղ) գրանցվել է Երևանում, ինչը 1,7 անգամ ավել է 2018 թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Աշխատուժի նկատմամբ առավելագույն պահանջարկ է գրանցվել արդյունաբերության, մանրածախ և մեծածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլետների վերանորոգման ոլորտներում։
Հայաստանի աշխատանքային ռեսուրսները 2019թ.–ի երկրորդ եռամսյակի ընթացքում կրճատվել են 0,5%–ով` կազմելով 2, 014.0 մլն մարդ։–0–