Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Հաջորդ շաբաթվանից կմեկնարկեն Երևան-Կապան կանոնավոր չվերթեր (ՎԻԴԵՈ)

17.08.2023, 17:08
Քաղաքացիները հնարավորություն կունենան գնել ինքնաթիռի տոմս և օգտվել այդ տրանսպորտից. ՎԻԴԵՈ
Հաջորդ շաբաթվանից կմեկնարկեն Երևան-Կապան կանոնավոր չվերթեր (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի Երևան-Կապան ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից նախատեսվում են կանոնավոր չվերթեր, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Այսօր արձանագրեցինք, որ արդեն պատրաստ ենք իրականացնել Երևան-Կապան կանոնավոր չվերթեր: Քաղաքացիները հնարավորություն կունենան գնել ինքնաթիռի տոմս և օգտվել այդ տրանսպորտից», - ասաց նա այսօր Կապանում Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքի նախարար Գնել Սանոսյանն իր հերթին վստահեցրեց, որ կանոնավոր ավիափոխադրումը մեկնարկում է հաջորդ շաբաթվանից:

Նշենք, որ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից իրականացված ավիաչվերթով: Վարչապետին ուղեկցել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Սյունիք» օդանավակայանում վարչապետին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը և պաշտոնատար այլ անձինք:

Նիկոլ Փաշինյանը շրջել է «Սյունիք» օդանավակայանում և ծանոթացել ստեղծված պայմաններին:

Այս տարվա ապրիլի 26-ին Կապանի օդանավակայանում 30 տարվա մեջ առաջին անգամ ինքնաթիռ վայրէջք կատարեց։ Կապանի «Սյունիք» օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշներին համապատասխան և 2020թ.-ին սերտիֆիկատ է ստացել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:-0-