Հայաստանը կարող է արգելել թռիչքները Մերձավոր Արևելքի տարածաշրջանում. Քաղավիացիայի կոմիտե
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեում այս պահին ընթանում է քննարկում Իրաքի, Իրանի, Պարսից և Օմանի ծոցերի տարածքով Երևանից իրականացվող ավիաչվերթերի իրականացման նպատակահարմարության շուրջ։
Այս մասին հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով0 գերատեսչությանը։
Մի շարք խոշոր միջազգային ավիափոխադրողներ դադարեցրել են թռիչքներ իրականացնել տվյալ տարածաշրջանում կամ փոխել են չվերթերի երթուղին։
«Այս պահին չկա ոչ մի սահմանափակում այդ տարածքում թռիչքներ իրականացնելու համար։ Մենք խորհրդատվություններ ենք անցկացնում ավիափոխադրողների հետ, և առաջիկայում կընդունենք որոշում ստեղծված իրավիճակի կապակցությամբ», – նշեց կոմիտեի աշխատակիցը։
Օդանավի կործանում
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737 օդանավը, որում եղել է 168 ուղևոր և անձնակազմի 9 անդամ, կործանվել է հունվարի 8–ին Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց հետո։ Օդանավը Թեհրանից ուղևորվում էր Կիև։ Օդանավում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։
Թռիչքների արգելք
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռոսավիացիան խորհուրդ է տվել չօգտվել Մերձավոր Արևելքի օդային տարածքից ՌԴ քաղաքացիական օդանավերի թռիչքների համար (այդ թվում տարանցիկ թռիչքները), իսկ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունն արգելել է ոչ ռազմական օդանավերին թռչել տարածաշրջանում։
Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ բոլոր ուկրաինական ավիաընկերությունները ժամանավորապես դադարեցնում են թռիչքներն Իրանի օդային տարածքում։ Որոշումն ուժի մեջ է մինչև ավիավթարի պատճառների բացահայտումը։
ԶԼՄ–ների հաղորդմամբ, մի շարք խոշոր միջազգային ավիափոխադրողներ (Singapore Airlines–ը, China Airlines–ը, Lufthansa–ն, Malaysia Airlines–ը, Air France–ը, Emirates–ը և Flydubai–ը, ինչպես նաև China Southern Airlines–ը, Աէրոֆլոտը, «Ուրալյան ավիաուղիները» և S7–ը) դադարեցրել են թռիչքներն Իրաքի, Իրանի, Պարսից և Օմանի ծոցերի տարածքում։
Իրավիճակի սրացում Մերձավոր Արևելքում
Իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվել է հունվարի 3–ին Բաղդադի օդանավակայանի տարածքում ԱՄՆ–ի հրթիռային հարվածի հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Հոմենեին խոստացել է վրեժխնդիր լինել գեներալի սպանության համար։
Հունվարի 8–ինն Իրաքում գտնվող երկու ռազմաբազաները ենթարկվել են հրթիռակոծման Իրանի կողմից։ Այդ ռազմաբազաներում են տեղակայված ԱՄՆ–ի և նրա դաշնակիցների ուժերը։ Թեհրանը հայտարարել է, որ դա վրեժ է գեներալ Սուլեյմանիի սպանության համար։–0–