Հայկական ավտոբուսին արգելում են հատել ռուս–վրացական սահմանը. Վրաստանում ՀՀ դեսպանությունը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./ԱՌԿԱ/. Այսօր հայկական ԶԼՄ–ներում տեղեկատվություն է տարածվել, որ գիշերվանից հայկական ավտոբուսին թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը։
Ըստ տեղեկությունների, հունիսի 22–ին Մոսկվայից դուրս եկած հայկական ավտոբուսին շուրջ 8 ժամ է թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը, ավտոբուսում կա 48 ուղևոր, այդ թվում` 13 երեխա։
Իրավիճակը Facebook–յան պաշտոնական էջում պարզաբանել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
«Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը»,– նշվում է դեսպանության հայտարարության մեջ։
Դիվանագիտական ներկայացուցչությունից նաև հայտնում են, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում վրացական համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։–0–