Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Մարուքյանը նշում է, որ հանրապետության տարածքում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումն օրենքով անհնար է

10.04.2020, 20:10
Մարուքյանը նշում է, որ  հանրապետության տարածքում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումն օրենքով անհնար է
Մարուքյանը նշում է, որ  հանրապետության տարածքում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումն օրենքով անհնար է

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./ԱՌԿԱ/. «Լուսավոր Հայստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook–յան իր էջում անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին այն մասին, որ կառավարությունում կա նախագիծ ևս 30 օրով արտակարգ դրությունը երկարացնելու վերաբերյալ:

Մարտի 16–ից ապրիլի 14–ը Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուրբաթ հայտարարել է, որ ԱՆ–ն առաջարկել է կառավարությանը երկարացնել արտակարգ դրության ռեժիմը։ 

«Իրազեկում եմ Ձեզ, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը: Հետևաբար, ամբողջ Հանրապետության տարածքում նույն ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է», – գրել է Մարուքյանը։

Ապրիլի 10–ին վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց, որ մարտի 16-ին կորոնավիրուսի տարածման պայմաններում հայտարարված արտակարգ դրության երկարաձգման հարցը քննարկման փուլում է:

Օրենքի պահանջները 

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը սահմանում է ինչպես ռեժիմի գործողության ժամկետները, այնպես էլ դրա երկարացման մեխանիզմները։

Այս օրենքի 5–րդ հոդվածի 1–ին մասում նշված է. «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը»։

Ըստ 5–րդ հոդվածի 2–րդ մասի, սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե նշված ժամկետների ընթացքում չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Հանրապետության Նախագահի հրամանագրով` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով:

Սահմանափակումներն արտակարգ դրության ռեժիմի ժամանակ

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ: 

Ապրիլի 10–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 937 դեպք, բուժվել է 149 մարդ, 12 մարդ, ցավոք, մահացել է։–0–