Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
0

ՊԲ–ից հերքում են 15 հայ զինվորների գերեվարվելու, 44–օրա պատերազմի որոշ դրվագների մասին տեղեկատվությունը 

29.01.2021, 19:41
ՊԲ–ից հայտնում են, որ բանակի որևէ զինծառայող ոչ այս, ոչ նախորդող օրերին չի գերեվարվել

ՊԲ–ից հերքում են 15 հայ զինվորների գերեվարվելու, 44–օրա պատերազմի որոշ դրվագների մասին տեղեկատվությունը 
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./ԱՌԿԱ/. Վերջին շրջանում համացանցում կրկին տարածում են գտնում բանակին առնչվող նյութեր, որոնք չունեն որևէ իրական հիմք, ամբողջովին մտացածին են և նպատակ ունեն արատավորել հետպատերազմական բարդ պայմաններում իր խնդիրը կատարող կառույցի հեղինակությունը, հաղորդում է Արցախի ՊԲ–ն: 

Մասնավորապես, համացանցի տարբեր օգտատերեր տարածում են տեղեկատվություն իբր թե 15 հայ զինվորի գերեվարվելու մասին, 44-օրյա պատերազմի որոշ դրվագների, պատերազմին հաջորդած դիրքային փոփոխությունների հետ կապված՝ շահարկվում է նաև Ն զորամասի հրամանատար, գնդապետ Գոռ Իշխանյանի անունը: 

«Հաշվի առնելով ժողովրդի զգայունությունը բանակին առնչվող ցանկացած նորության նկատմամբ՝ կրկին հավաստում ենք, որ բանակի որևէ զինծառայող ոչ այս, ոչ նախորդող օրերին չի գերեվարվել, պատերազմի ընթացքում գնդապետ Գ.Իշխանյանի հրամանատարությամբ գործող զորամասը առաջադրված խնդիրները կատարել է բացառապես վերադաս հրամանատարության հրամանների և ցուցումների հիման վրա, մարտական գործողությունների ընթացքում հակառակորդին չի հանձնել նույնիսկ մեկ դիրք, իսկ պատերազմից հետո հետ քաշվելը /նաև այնպիսի տարածքներից, որտեղ եղել են հրամանատարական կետեր և ամրաշինական կառույցներ/ պայմանավորված է եղել եռակողմ հայտարարության դրույթները կյանքի կոչելու անհրաժեշտությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

ՊԲ–ից գործընկերներին ու համաքաղաքացիներին խնդրում են փոքր ինչ ավելի պատասխանատու լինել սեփական խոսքի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ նման ստահոդ լուրերի տարածումը բնավ չի նպաստում հայրենիքի պաշտպանունակության ամրապնդմանը:–0–