Սևանա լճում նոր հանրային լողափեր կստեղծվեն, Փաշինյանն անդրադարձել է սանհանգույցների վիճակին (ՎԻԴԵՈ)

Սևանա լճում նոր հանրային լողափեր կստեղծվեն, Փաշինյանն անդրադարձել է սանհանգույցների վիճակին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./ԱՌԿԱ/. Կառավարությունը նախօրեին որոշեց «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափեր ստեղծել։

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի համար ստեղծել մատչելի և որակյալ հանգստի պայմաններ:

Ինչպես նիստի ժամանակ նշեց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, արդեն ձևավորվել է 8 հանրային լողափ, որոնցից 7–ը մրցութային կարգով արդեն ունեն սպասարկող ընկերություն, նրանցից 3–ն արդեն գործում են, 4–ի մասով աշխատանքներ են տարվում։ Եվս 4–ն այս որոշմամբ հիմնվում են։

«Հանրային լողափերում քաղաքացիների համար գործում են անվճար ծառայություններ, սպասարկող ընկերությունների կողմից կլինեն նաև վճարովի ծառայություններ։ Կան ձևավորված ստանդարտներ, որոնցով քաղաքացիների սպասարկումն այդ լողափերում պետք է պատշաճ լինի. չի կարելի ծխել, բարձր երաժշտություն, թույլատրվում են թույլ ալկոհոլային խմիչքներ», – ասաց Սիմիդյանը։

Ինչպես իր հերթին նշեց վարչապետ Փաշինյանը, նա մի քանի փորձել է անձամբ այցելել և տեսնել, թե ինչ է կատարվում հանրային լողափերում։

«Ես փորձել եմ բացել դուռ, բռնակը մնացել է ձեռքումս։ Սանիտարական վատ վիճակ, կոտրված նստարաններ, աղբի կուտակումներ, էլ չասեմ սանհանգույցի վիճակի մասին։ Հիմա հանձնարարական եմ տվել, որ մենք պետք է մրցույթով ստեղծենք հանրային լողափեր և տանք կառավարման։ Ցանկացած քաղաքացի կարող է գնալ, նստել ափին ու ամբողջ օրն անցակցնել այնտեղ, իր հետ տանել ուտելիք, անհրաժեշտ պիտույքներ, բայց, մյուս կողմից, եթե քաղաքացին ուզում է օգտվել որոշակի ծառայություններից, պետք է վճարի ու օգտվի։ Սա արվում է նրա համար, որ մասնավոր հատվածը շահագրգռվածություն ունենա ներդրումներ անել, պատշաճ վիճակի բերել տարածքը ու սպասարկում իրականացնել, որի արդյունքում կստեղծվի անհրաժեշտ միջավայր՝ պատշաճ հանգիստ անցկացնելու համար», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ փորձը ցույց է տալիս, որ անվճար սանհանգույցը երբեք նորմալ վիճակում չի լինելու. թող լինի սիմվոլիկ վճարով, բայց արժանապատիվ։

«Մարդը մտնում է Սևանի տարածք, գալիս ասում են՝ 10 հազար տուր, ինչի՞ համար տա, մենք պետք է արգելենք մուտքի համար որևէ վճար ստանալուց։ Բայց, եթե ավտոկանգառ կա, որտեղ անվտանգություն է սահմանվում, թող մարդը 200 դրամ վճարի, հանգիստ լինի, ոչ թե կես ժամը մեկ վազի, նայի՝ ավտոյի հայելիները տարե՞լ են, թե՞ չէ»,- ասաց Փաշինյանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:55 14.07.2023




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×