Երևանում մոտ 250 ավտոբուս դուրս չի եկել երթուղի, քաղաքապետարանից ասում են` դիզ. վառելիքի մատակարարման ուշացումներ են `

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./ԱՌԿԱ/. Այսօր առավոտյան Երևանի ծայրամասերի կանգառներում իսկական կոլապս էր։
Քաղաքացիները պարզապես չէին կարողանում հասնել աշխատանքի վայր, քանի որ ավտոբուսներ չկային։ Ավտոբուսների վարորդների խոսքերով, նրանց դիզ. վառելիք չի տրամադրվել, հետևաբար` երթուղի դուրս գալ չեն կարող։
Խնդրին անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով, այսօր «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։
Այս պահին խնդիրը մասամբ լուծված է», – նշել է Կարապետյանը Facebook–յան իր էջում։
Նա հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը և վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը։
«Հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար», – նշել է Կարապետյանը։–0–