ԱՆ. Հայաստանում 62–ամյա տղամարդ է մահացել. նրա մոտ հայտնաբերվել է H1N1 վիրուսը

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի հիվանդանոցներից մեկում 62–ամյա տղամարդ է մահացել. նրա մոտ հայտնաբերվել է H1N1 վիրուսը։
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, Հայաստանի հիվանդանոցներից մեկում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող սիրտ-թոքային անբավարարությունից մահացած 62-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է նաև գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը:
«Մահը վրա է հասել սրտային անբավարարության սրացման արդյունքում: Տղամարդը բժշկական օգնության դիմել է ուշացած», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում են ԱՆ–ից, հանրապետությունում սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) հիվանդանցությունն աճման միտում ունի: Դիմելիության ակտիվություն դիտվում է թե՛ պոլիկլինիկական, թե՛ ստացիոնար կազմակերպություններում:
Հունվարի 14-ի դրությամբ՝ պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառական վարակներով 1080 հիվանդ, ստացիոնարներում բուժում է ստանում 837 քաղաքացի, որոնց 95%-ը երեխաներ են:
Նախարարության մասնագետները շարունակում են իրականացնել մանկական նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում շնչառական վարակներով հիվանդ երեխաների նկատմամբ հսկողությունը՝ «համաճարակաբանական ֆիլտրը»: Հունվարի 14-ին 499 երեխայի մոտ դիտվել է ՍՇՎ և վերջիններս տուն են ուղարկվել:
«Միաժամանակ, գրիպի և ՍՇՎ հարաբերական ակտիվության հետ կապված իրավիճակը գնահատելու նպատակով նախարարության աշխատակիցներն այս օրերին պարբերաբար այցելում են բժշկական հաստատություններ, տեղում ծանոթանում իրավիճակին, ինչպես նաև կենտրոնների տնօրենների և մասնագետների հետ խորհրդակցում են կատարվող քայլերը», – նշվում է հաղորդագրության մեջ:
Սա H1N1 վիրուսով պայմանավորված մահվան արդեն երկրորդ դեպքն է հանրապետությունում։ Ինչպես հունվարի 11–ին տեղեկացրել է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, հանրապետությունում գրանցվել է կնոջ մահվան մեկ դեպք, ում մոտ զուգահեռ կային նաև այլ հիվանդություններ, և նրա մոտ հայտնաբերվել է նաև H1N1 վիրուսը։–0–