ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
Ինչպես Facebook–յան իր էջում տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը, փետրվարի 15-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Կուշևսկայա քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ 2 քաղաքացին` վարորդ Ռ.Պ.-ն (ծնվ. 1953թ.) և ուղևոր Ք.Մ.-ն (ծնվ.` 1968թ.) հոսպիտալացվել են Կուշևսկայայի կենտրոնական շրջանային հիվանդանոց։
«Հիվանդանոցի գլխավոր բժշկի փոխանցմամբ` իրականացված հետազոտությունների արդյունքում վարորդի մոտ ախտորոշվել է կողերի և սրունքների զույգ ոսկրերի բազմաբեկոր կոտրվածքներ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր», – նշում է Հայթայանը։
Մյուս տուժողի վիճակը միջին ծանրության է։ Նրա մոտ ախտորոշվել է սրունքի զույգ ոսկրերի կոտրվածք և գլխուղեղի ցնցում։
Վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։
Նախօրեին ժամը 17։05–ի սահմանում Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող «Setra» մակնիշի АМ 97 РМ 999 պետհամարանիշով ավտոբուսը ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կուշևսկայա քաղաքի մոտակայքում բախվել է «МАН» մակնիշի М613АН161 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային:–0–