Հայաստանում տեղումները և ջերմաստիճանային ֆոնը մայիսին կլինեն նորմայի սահմանում. Հայհիդրոմետ

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մայիսին սպասվող տեղումները և ջերմաստիճանային ֆոնը կլինեն նորմայի սահմանում, լրագրողներին չորեքշաբթի հայտնեց ՀՀ ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայության օպերատիվ օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Այս կապակցությամբ նա պարզաբանեց, որ Արարատյան դաշտավայրում և Երևանում ջերմաստիճանի նորման կազմում է 18-19 աստիճան տաքություն, իսկ տեղումների նորման` 35-60 մմ:
Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում օդի ջերմաստիճանը ամսվա ընթացքում կկազմի միջինը 9-12 աստիճան տաքություն, սպասվում է նաև 75-110 մմ տեղումներ:
Լոռու մարզում միջին ջերմաստիճանը մայիսին կկազմի 12-13 աստիճան տաքություն, տեղումները` մինչև 130 մմ, իսկ Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կկազմի միջինը 18-20 աստիճան տաքություն, սպասվում են մինչև 49-96 մմ տեղումներ:
Ընդ որում, Պետրոսյանը հայտնեց, որ առաջիկա հինգ օրերի ընթացքում, հանրապետության տարածք ցիկլոնի ներթափանցման հետևանքով, սպասվում են համատարած տեղումներ` հիմնականում օրվա երկրորդ կեսին:
«Մայիսի 5-ին տեղումներ են սպասվում հանրապետության միայն հյուսիսային հատվածում, իսկ Արարատյան դաշտավայրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է չոր եղանակ», - ասաց նա:
Մայիսի 6-ից, նրա խոսքով, տեղումների գոտին կշարժվի դեպի հարավ` ընդհուպ մինչև Արարատյան դաշտավայր, Արագածոտնի և Կոտայքի մարզեր: Մայիսի 7-9-ը երկրի ողջ տարածքում կգրանցվի անձրևային եղանակ: -0-