Երևանի քաղաքապետարանը մտադրվել է բարձրացնել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանը մտադրվել է բարձրացնել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը, գրում է «Ժողովուրդը»։
«Բայց փորձում է այդ նպատակին հասնել նենգ եղանակներով՝ տպավորություն ստեղծելով, թե դա հասարակական պահանջ է», – նշում են հոդվածի հեղինակները։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ այս ընթացքում քաղաքապետարանը ձևափոխել ու կարճացրել է բազմաթիվ երթուղիներ, ինչի հետևանքով քաղաքացիները ստիպված օգտվում են երկու տրանսպորտից:
«Նպատակը մեկն է. այդպես մարդկանց մոտ արհեստական բողոք հասունացնել, որպեսզի քաղաքացիներն իրենք պահանջեն թանկացնել ուղեվարձը, միայն թե ներկայիս պայմաններով չերթևեկեն, այլ նստեն մի երթուղային և իջնեն իրենց ցանկացած կանգառը», – նշվում է հոդվածում։
Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը օրաթերթի հետ զրույցում նշել է, որ իրենց հաշվարկներով մայրաքաղաքում այսօր օրական 50 հազար մարդ հասարակական տրանսպորտը երկու անգամ փոխելով է հասնում իր ցանկացած վայրը։–0–