Այսօր հանրապետության հիվանդանոցներից ՍՇՎ–ից ապաքինմամբ դուրս է գրվել 234 քաղաքացի. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ–Նովոստի–Արմենիա/. Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 234 քաղաքացի, որոնցից 108-ը մինչև 18 տարեկան են, 100-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 41-ը` երեխաներ, Facebook–յան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անահիտ Հայթայանը։
Հանրապետության ծննդօգնության բժշկական ստացիոնարներում բուժում է ստանում 100 հղի և ծննդկան, 36-ի մոտ` թոքաբորբ։ Երեխաների և հղիների շրջանում ծանր հիվանդներ չկան:
Հերթական շրջայցից հետո ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը նշել է, որ հունվարի 18-ի դրությամբ շուրջ 30 տոկոսով նվազել է հղիների շրջանում հիվանդացությունը:
Նրա խոսքով` իրականացված միջոցառումների շնորհիվ, այսօրվա դրությամբ, հանրապետության ծննդօգնության որևէ հիմարկում չկա արհեստական շնչառության սարքին միացված հղի կին:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով հարևան երկրներում հիվանդացության լայն տարածվածությունը, բնակչության ակտիվ տեղաշարժը և այն հանգամանքը, որ դեռևս գտնվում ենք գրիպի սեզոնի մեջ, նախարարությունը հորդորում է չթուլացնել զգոնությունը։
«Գրիպից և սուր շնդառական վարակներից խուսափելու նպատակով հորդորում ենք ականջալուր լինել բժիշկների խորհուրդներին, չշփվել հիվանդների հետ, հիվանդանալու դեպքում մնալ տանը, ստանալ պատշաճ մասնագիտական բժշկական օգնություն, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չընդունել հակաբիոտիկներ», – նշել է Հայթայանը։
Նախօրեն ԱՆ–ն տեղեկացրել էր, որ կիրակի ևս երկու մարդ է մահացել H1N1 վիրուսից («խոզի գրիպ»)։ Նրանք բժշկական կենտրոն էին ընդունվել հունվարի 9-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում, երկկողմանի թոքաբորբով։ Երկուսին էլ անմիջապես միացվել է արհեստական շնչառության սարք։ Նրանցից մեկն ունեցել է նաև սիրտթոքային ծանր անբավարարություն:
Այսպիսով, Հայաստանում գրանցվել է 16 մահվան դեպք, որոնց պատճառը H1N1 վիրուսի հետևանքով առաջացած բարդություններն էին։ Մահացած մարդիկ ունեցել են նաև այլ քրոնիկ հիվանդություններ։–0–