Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+13

Հայաստանում ջուր մատակարարող ընկերությունները չեն կարողանա ցանցերի նորոգման պլանային աշխատանքներ իրականացնել հանգստյան, տոնական և սգո օրերին

06.11.2013, 19:34
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի կայացած նիստի ընթացքում որոշում ընդունեց, որով սահմանափակեց Հայաստանի ջրամատակարարման ընկերությունների կողմից պլանային նորոգման աշխատանքների իրականացման հնարավորությունը։
Հայաստանում ջուր մատակարարող ընկերությունները չեն կարողանա ցանցերի նորոգման պլանային աշխատանքներ իրականացնել հանգստյան, տոնական և սգո օրերին
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի կայացած նիստի ընթացքում որոշում ընդունեց, որով սահմանափակեց Հայաստանի ջրամատակարարման ընկերությունների կողմից պլանային նորոգման աշխատանքների իրականացման հնարավորությունը։

Ինչպես նշեց ՀՀ ՀԾԿՀ լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանը, Հանձնաժողովի որոշմամբ  նախատեսված է արգելել ընկերություններին ցանցի պլանային նորոգման աշխատանքներ իրականացնել, որոնց հետևանքով ջրամատակարարման անջատումներ են կատարվում հանգստյան, տոնական և սգո օրերին։

«Այդ աշխատանքները կարելի է իրականացնել միայն բաժանորդի կողմից համաձայնություն ստանալու դեպքում և եթե նման աշխատանքները մյուս բաժանորդների ջրամատակարարման պլանային անջատման չեն հանգեցնի»,– ասաց Բուդաղյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ որոշումը չի վերաբերում ցանցի վթարային նորոգման աշխատանքների իրականացմանը։

«Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենն իր հերթին նշեց, որ ընկերությունն իր աշխատանքում արդեն վաղուց է, որ նման պրակտիկա է կիրառում, և մտավախություն հայտնեց, որ նոր  ձևակերպումները կարող են տեղային ադմինիստրացիաների կողմից չարաշահումների առիթ հանդիսանալ։

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը բոլոր ընկերություններին հանձնարարեց տվյալ որոշումը ԶԼՄ–ների միջոցով հասցնել իրենց շրջանների բնակիչներին, իսկ Հանձնաժողովի աշխատակիցներին` հնարավոր չարաշահումից խուսափելու համար ընդունված որոշման մասին իրազեկել մարզպետներին։

Հայաստանում գործում է ջրամատակարարման հինգ օպերատոր` «Երևան–ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի–ջրմուղկոյուղի», «Շիրակ–ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք»։ –0–