Рейтинг@Mail.ru
USD
382.52
EUR
442.73
RUB
4.7114
GEL
141.52
2025 թ. նոյեմբերի 12, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Սփուռքահայերը Վատիկանի գաղտնի արխիվներից նախկինում չհրապարակված փաստաթղթեր են նվիրաբարել Հայոց ցեղասպանության թանգարանին

19.09.2017, 16:29
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ այցելության ժամանակ սփյուռքահայերը  թանգարանին են նվիրել նախկինում չհրապարակված փաստաթղթեր Վատիկանի գաղտնի արխիվներից։
Սփուռքահայերը Վատիկանի գաղտնի արխիվներից նախկինում չհրապարակված փաստաթղթեր են նվիրաբարել Հայոց ցեղասպանության թանգարանին

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ այցելության ժամանակ սփյուռքահայերը թանգարանին են նվիրել նախկինում չհրապարակված փաստաթղթեր Վատիկանի գաղտնի արխիվներից, որոնք պատմում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին։

Երևանում անցկացվում է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը, որը կտևի մինչև սեպտեմբերի 20–ը։ Համաժողովը նվիրված է Հայաստանի Առաջին հանրապետության հռչակմանը և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակին, ինչպես նաև «Էրեբունի–Երևան 2800» տոնին։

Փաստաթղթերը ձեռք են բերվել գործարար Արթուր Ասատրյանի միջոցներով, Վատիկանում ՀՀ դեսպանի օգնությամբ։

«Այս փաստաթղթերը պարունակում են փաստեր 1914–1917 թվականների դեպքերի վերաբերյալ։ Հիմնականում, դրանք Վատիկանի այն դիվանագետների գրություններն են, որոնք այդ տարիներին աշխատել են Օսմանյան Թուրքիայում։ Այդ գրություններն արված են Կոնստանդնուպոլիսում Վատիկանի ներկայացուցիչների բլանկերի վրա։ Գրություններն արված են լատիներեն լեզվով, և մեր մասնագետները դեռ պետք է ուսումնասիրեն այդ փաստաթղթերը, որոնք, հնարավոր է, դառնան լուրջ հետազոտությունների հիմք», – լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։ 

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Չեխիայի խորհրդարանը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը և Չեխիայի խորհրդարանը: -0