Ամերիաբանկն անցել է Virtual Banking մրցույթի եզրափակիչ փուլ

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի թիմն անցել է բանկերի միջև անցկացվող ակտիվների և պարտավորությունների կառավարման virtual Banking առցանց համաշխարհային 8-րդ մրցույթի եզրափակիչ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Եզրափակիչ փուլը կանցկացվի նոյեմբերի 23-ին Հաագայում:
Բացի Ամերիաբանկից, եզրափակիչ փուլ դուրս է եկել ևս 3 ընկերություն՝ Bancop SA (Պարագվայ), Supervielle (Արգենտինա) և Ficohsa (Հոնդուրաս):
Մրցույթի նպատակն է նպաստել ֆինանսաբանկային ոլորտի գիտելիքների զարգացմանն ու պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, այլընտրանքային և նորարարական գիտելիքների փոխանցմանը, միջազգային փորձի փոխանակմանը, բանկերում ռիսկերի կառավարման ուժեղացմանն ու զարգացմանը:
Մրցույթին մասնակցել է 30 բանկ Աֆրիկա, Ասիա, Լատինական Ամերիկա, Եվրոպա/Կենտրոնական Ասիա տարածաշրջաններից: Մրցույթը վերաբերում է բանկերում ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև ռիսկերի արդյունավետ կառավարման խնդիրներին:
Միջոցառումը կազմակերպել է SimArch Group-ը ֆինանսաբանկային ուսումնական պորտալի շրջանակում և ֆինանսավորել է FMO-ն` Նիդերլանդների միջազգային զարգացման բանկը, DEG-ը` KfW Bankengruppe-ի (KfW բանկային խումբ) անդամը և PROPARCO ֆինանսների զարգացման ֆրանսիական գործակալությունը։
Բանկից հայտնում են, որ SimArch Group-ը դեռևս 1999 թ-ից առաջարկում է նորարական և առաջադեմ ուսուցողական լուծումներ ֆինանսաբանկային ոլորտի մասնագետների համար՝ ստեղծելով կրթական մեծ հնարավորություններ: Ընկերության կրթական ծրագրերը հաջողությամբ կիրառվել են ավելի քան 45 երկրի 170 ընկերությունների կողմից, որոնց շարքում են այնպիսի խոշորագույն բանկեր, ինչպիսիք են՝ ABN AMRO, ING, FirstRand, Dexia և այլն:
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:–0–