Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+5

«Ամերիան» իրականացնում է «Դատարանների մոնիթորինգի ծառայություններ» ծրագիրը

15.05.2012, 17:39
«Ամերիա» ՓԲԸ-ն ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի» պատվերով իրականացնում է «Դատարանների մոնիթորինգի ծառայություններ» ծրագիրը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. «Ամերիա» ՓԲԸ-ն ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի» պատվերով իրականացնում է «Դատարանների մոնիթորինգի ծառայություններ» ծրագիրը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից՝ Ճապոնայի կառավարության կողմից հատկացված դրամաշնորհային միջոցներով:

Ծրագիրը նախատեսում է միջազգային լավագույն փորձի հիման վրա մշակել դատարանների գործունեության մոնիթորինգի մեթոդաբանություն և Հայաստանում ներդնել նման համակարգ:

«Արդարադատության համակարգի արդյունավետության, ինչպես նաև դատարանների կողմից կատարվող աշխատանքի որակի բարձրացման նպատակով մոնիթորինգի և/կամ գնահատման համակարգի ներդնումը դարձել է անհրաժեշտություն Հայաստանի դատական համակարգի հետագա զարգացման և դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության աստիճանի բարձրացման համար»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Ծրագրի նպատակն է բարձրացնել դատական գործառնությունների և ծառայությունների արդյունավետությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, դատական ծառայությունների մասին տեղեկացվածության մակարդակը, ինչպես նաև ապահովել իրավական և դատական տեղեկատվության հասանելիությունը` դատական իշխանության անկախության սկզբունքի խստագույն պահպանմամբ: 

Աշխատանքների կատարման ընթացքում հաշվի կառնվեն Հայաստանի դատական համակարգի բոլոր առանձնահատկությունները: 

«Ամերիա» ՓԲԸ իրավական պրակտիկայի տնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ «Ամերիան երկարաժամկետ պատմություն ունի նմանատիպ խորհրդատվական ծրագրերի իրականացման մեջ և այս ծրագիրը տրամաբանական շարունակությունն է նախկինում իրականացված ծրագրերի: 

«Կարևոր է, որ մենք կարողանանք ճիշտ շեշտադրումներ կատարել, որպեսզի ապահովվի ինչպես դատական համակարգի անկախությունը, այնպես էլ դատական համակարգի հաշվետվողականությունը հանրությանը»,- նշեց նա: 

Նա նշեց նաև, որ եթե իրականացվի դատական համակարգի ճիշտ մոնիթորինգ և գնահատում, ապա դրա հետ մեկտեղ նաև ժամանակի ընթացքում կբարձրանա պատասխանատվությունը: 

«Դատաիրավական բարեփոխումների գլխավոր խնդիրը դա դատական իշխանության դերի բարձրացումն է, հանրության վստահության բարձրացումը դատական համակարգի նկատմամբ: Դատական համակարգի կայացումը դա հենասյունն է պետության կայացման ճիշտ ուղու: Կարելի է արձանագրել, որ կան դրական տեղաշարժեր և ես հույսով եմ, որ բարեփոխումները և հետագա զարգացումները նույնպես դրական կլինեն»,- ասաց Սարգսյանը:

«Դատարանների մոնիթորինգի ծառայություններ» ծրագիրը բաղկացած է մի քանի թեմատիկ փուլերից, որոնք ներառում են Հայաստանում դատարանների մոնիթորինգի իրականացման մոտեցումների ներկա իրավիճակի ուսումնասիրություն, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություններ, մեթոդաբանության մշակում, դրա փորձարկում և ներդրում:

Ծրագրի իրականացման ընթացքում Ամերիան սերտորեն համագործակցելու է ինչպես պետական շահառու մարմինների,  այնպես էլ Հայաստանի փաստաբանների պալատի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների հետ: 

Ծրագրի շրջանակներում նախատեսված էր առաջին փուլի աշխատանքների ավարտից հետո կազմակերպել սեմինար քննարկում` նպատակ ունենալով շահագրգիռ կողմերին ներկայացնել ձեռքբերումները, միջազգային փորձը, ինչպես նաև քննարկում ծավալել Հայաստանում դատարանների մոնիթորինգի ծրագրի առավել գործնական մեխանիզմների և մոտեցումների մշակման ուղղությամբ:   
 
Ծաղկաձորում կազմակերպված սեմինարին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ դատական դեպարտամենտից, ՀՀ փաստաբանների պալատից, ՀՀ քաղաքացիկան վերաքննիչ դատարանից, «Դատաիրավական  ԾԻԳ» պետական հիմնարկից, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, GIZ  և Trancparency International Anti-corruption Center միջազգային կազմակերպություններից, դատավորներ և տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: 

Ամերիայի փորձագետները ներկայացրեցին մասնավորապես Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Խորվաթիայի, Սերբիայի, Սլովենիայի, Անգլիայի և Ուելսի փորձը այդ ոլորտում; Դավիթ Սարգսյանը նշեց նաև, որ կհավաքագրվեն սեմինարի ընթացքում ներկայացված բոլոր կարծիքները և լուծումները, որ կտրվեն Ամերիայի կողմից, հիմնված կլինեն լավագույն փորձի և հայաստանյան իրականության վրա: 

«Խնդիրը հենց նրանում է, որ դատարանները պետք է հաշվետու լինեն, և հանրությունը պետք է հնարավորություն և գործիքներ ունենա վերահսկել դատարարնների գործունեությունը, այդ թվում կոնկրետ դատարանի, կոնկրետ դատավորի: Այսօրվա դրությամբ ուղղակի սահմանված կարգավորում չկա, թե ինչպես հանրությունը կամ փաստաբանների պալատը կամ այլ պետական մարմինները կարող են իրականացնել մոնիթորինգ»,- նշեց «Դատաիրավական  ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Արթուր Թունյանը:

Նրա խոսքերով՝ միակ գործիքը, որ որոշակիորեն գործում է, դա սահմանափակ քանակությամբ վիճակագրական տվյալներն են դատական դեպարտամենտի կողմից մշակվող և հանրությանը տրամադրվող: «Սակայն դրա որակը և քանակը կարծում եմ բավարար չեն, միջազգային պրակտիկան ընդունում է շատ ավելի լայն վիճակագրական տվյալների հրապարակում և հանրությանը հետաքրքրող ու հուզող հարցերի պատասխանների տրամադրում»,- ընդգծեց նա:

Նախատեսվում է «Դատարանների մոնիթորինգի ծառայություններ» ծրագիրը ավարտել մինչև տարեվերջ:

Ամերիան Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է: Ամերիան լայնածավալ աշխատանքներ է իրականացնում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական և հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում: Հանդիսանալով «Ամերիա» խմբի մաս` Ամերիան տրամադրում է անկախ, կոնֆիդենցիալ և անկողմնակալ խորհրդատվական ծառայություններ միմյանց հետ ներդաշնակորեն և արդյունավետորեն կապված հինգ խորհրդատվական ուղղություններով` գործարար խորհրդատվություն, ֆինանսական խորհրդատվություն, հաշվապահական և հարկային խորհրդատվություն, իրավաբանական և ներդրումային խորհրդատվություն: --0--