Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 14-ի. հաստատվել է 4 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 41 քաղաքացուց 37-ի COVID-19 թեստի պատախանը բացասական է, իսկ 4-ինը՝ դրական, այսինքն՝ նրանց մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ: Այս մասին նշվում է Արցախի Տեղեկատվական շտաբի Facebook-յան էջում:
«Նոր կորոնավիրուսային վարակով հաստատված 4 քաղաքացիները մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում գրանցված վարակակրի շրջանակից են՝ Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքից: Վերոնշյալ 4 քաղաքացուց երկուսը գտնվում էին Շուշի քաղաքում մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում, իսկ երկուսը՝ Նոր Բրաջուր համայնքում ինքնամեկուսացվել էին»,- նշվում է հայտարարության մեջ:Արցախում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային վարակի 14 դեպք, որից 8-ն ապաքինվել են: Մահվան դեպք չի արձանագրվել:
Հիշեցնենք, որ ԱՀ Պարետի որոշման համաձայն՝մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում և Քնարավան համայնքի Չափնի գյուղում, ինչպես նաև՝ մայիսի 8-ին Նոր Բրաջուր համայնքում մտցվել են ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ սահմանափակումներ:
Հայաստանում մայիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3313 դեպք, որոնցից 1325-ն` առողջացած, 45-ը` մահվան ելքով:-0-