Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

Հայ դպրոցականները մշակութային հաստատություններ այցելելու աբոնեմենտներ կստանան

25.05.2015, 13:04
Մշակույթի նախարարությունը մեկնարկել է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագիրը, որը նախատեսված է մարզերի դպրոցականների համար, հայտնում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։
Հայ դպրոցականները մշակութային հաստատություններ այցելելու աբոնեմենտներ կստանան
ԵՐԵՎԱՆ, մայիսի 25. /ԱՌԿԱ/. Մշակույթի նախարարությունը մեկնարկել է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագիրը, որը նախատեսված է մարզերի դպրոցականների համար, հայտնում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Ծրագրի նպատակը ժամանակակից կրթական համակարգի բովանդակային արդյունավետության բարձրացումն է, որտեղ տեսական գիտելիքների մատուցումը կհամատեղվի գործնական ու առարկայական մշակութային գիտելիքների հետ՝ կարևորելով երեխաների հոգևոր-մշակութային դաստիարակությունը՝ ապագա քաղաքացու ձևավորման գործում:

Ծրագիրը կիրականացվի ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների երեխաների համար` մարզերում մշակութային կազմակերպությունների հյուրախաղերի և Երևանում մշակութային միջոցառումների կազմակերպմամբ:

2015 թվականին «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագիրը կիրականացվի Երևանում՝ ՀՀ Սյունիքի, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի 47 սահմանապահ համայնքների 49 հիմնական դպրոցների միջին դասարաններում (10-14 տարեկան) սովորող շուրջ 2700 աշակերտների համար:

Ծրագիրը շարունակական է և կիրականացվի ամբողջ տարվա ընթացքում, միաժամանակ նախատեսվում են թատերահամերգային հյուրախաղեր ՀՀ մարզերում:

«Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագիրը մեկնարկեց մայիսի 21-ին. Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի 120 աշակերտներ այցելեցին Կոմիտաս թանգարան-ինստիտուտ և Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Այնուհետև Հայաստանի երգչախմբային ընկերության դահլիճում դիտեցին Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի համերգային ծրագիրը: Մայիսի 22-ին Տավուշի մարզի աշակերտներին միացան ՀՀ Արարատի և Գեղարքունիքի մարզերի շուրջ 220 աշակերտները: Իսկ Տավուշի մարզի երեխաներն այցելեցին Հայաստանի պատմության թանգարան:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մարզերից ժամանած աշակերտների, մանկավարժների, Երևանի հանրակրթական դպրոցների և սիրիահայ երեխաների հանդիպումը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Վարչապետի հետ հանդիպումից հետո երեխաները դիտեցին Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերային ներկայացումը։

«Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագիրը Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ մշակվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից և ներառվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում։ –0–