Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է մի քանի հարթակ, որոնցով հնարավոր է կատարել աղբահանության վճարը

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/ԱՌԿԱ/․ Մայրաքաղաքի բնակիչներն աղբահանության վճարները կարող են վճարել գործարկված հաշվառման նոր համակարգով, որին ինտեգրվել են մի քանի հարթակներ և վճարահաշվարկային կազմակերպություններ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։
Արդեն իսկ հաշվարկված աղբահանության վճարի պարտքն առցանց հարթակում դիտել և համապատասխան վճարումներ հնարավոր է կատարել հետևյալ հարթակների միջոցով.
- yerevan.am
- pay.e-community.am
- «Հայփոստ»
- Еasy pay
- «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղեր
Քանի որ առկա համակարգին ինտեգրված չէր առցանց վճարման հնարավորությունը, որով քաղաքացին կկարողանար վճարել աղբահանության համար՝ Երևանի ավագանու որոշմամբ բնակիչներն ազատվեցին 2025թ. հունվարից մայիս ամիսների համար՝ մինչ հուլիսի 31-ը հաշվարկված տույժերից ։
Մինչև հուլիսի 31-ը կուտակված որևէ տույժ-տուգանք չի գործելու, ամբողջը հաշվանցվելու է քաղաքացիների փաստացի աղբահանության վճարին։
Նոր մեթոդի մասին
2025 թվականից ի վեր Երևանում գործում է աղբահանության վճարների հաշվարկման նոր կարգը, որը հանգեցրել է սակագների բարձրացմանը՝ 7%-ից մինչև 15%։ Նախկինում վճարը հաշվարկվում էր բնակարանում (տանը) մշտապես կամ ժամանակավորապես բնակվող քաղաքացիների թվի հիման վրա, սակայն 2025 թվականից հաշվարկը կատարվել է բնակարանի (տան) մակերեսով։
Նշենք, որ նոր մեթոդաբանությամբ աղբահանության վճարների վերաբերյալ թարմացված տեղեկատվությունը երևանցիներին հասանելի դարձավ միայն մայիսի սկզբին (այս ամիսներին ուշացումը պայմանավորված էր տեխնիկական պատճառներով):